Հայկական ատոմակայանի անձնակազմում չկան չարդարացված հաստիքային միավորներ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը՝ մեկնաբանելով վարչապետի այն հայտարարությունը, որ ատոմակայանում 500 հավելյալ աշխատող կա:
«Իմ կողմից այդքան ճիշտ չի լինի մեկնաբանել վարչապետի ասածը։ Կարող եմ միայն ասել, որ մենք հիմնավորում ենք մեր բոլոր ծախսերը, այդ թվում` անձնակազմի։ Այդ հաշվարկները մենք անում ենք ամեն անգամ, երբ անկախ կարգավորիչը հաստատում է էլեկտրականության նոր սակագները։ Հաշվարկները ներկայացրել ենք նաև այս տարի», - նշեց նա։
Վարդանյանը հիշեցրեց, որ ատոմակայանն այժմ հիմնովին վերակառուցվում է։ Նրա խոսքով` աշխատանքների ծավալը շատ մեծ է։
Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր. «Ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք հավելյալ աշխատողներ են։ Այդ հաստիքների անհրաժեշտությունը չկա։ Բայց այդ մարդիկ կան, աշխատավարձ են ստանում, և սա էլեկտրաէներգիայի սակագնի վրա 3 մլրդ դրամի կշիռ ունի»։
Հիշեցնենք, որ հունիսին վարչապետը հայտարարել էր գազի և էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու անհրաժեշտության մասին։ Դրա համար էներգետիկայի նախարարությունը և ՀԾԿՀ-ն ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ։ Բայց այն առայժմ եզրակացություն չի արել։ Այնուամենայնիվ, հուլիսի 1-ից նվազել են էլեկտրաէներգիայի սակագները, իսկ օգոստոսի 1-ից նվազել է գազի գինը` անապահով ընտանիքների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը