ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ անդրադարձել է Երևանում ավագանու առաջիկայում կայանալիք ընտրությունների, հայ-ռուսական հարաբերությունների, առաջիկա Մոսկվա իր այցի, Շանթ Հարությունյանի ազատման և օգտատերերի բարձրացրած այլ հարցերի։
«Վերջին շրջանում շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերությունների մասին, բայց այսօրվա իրավիճակը համարում եմ աշխատանքային, որը բնականոն ընթանում է: Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներում: Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. դա կլինի մեր երրորդ հանդիպումը»,-նշեց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկեն և լուծումներ կտան բազմաթիվ հարցերի:
«Իհարկե, ես չեմ ցանկանում պնդել, որ բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, սակայն համոզված եմ, որ մեր հարաբերությունները բնականոն շարունակվում են և բնականոն կշարունակվեն»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով սեպտեմբերի 23-ին սպասվող ավագանու ընտրություններին՝ վարչապետը նշեց՝ նրանք, ովքեր ուզում են աջակցություն հայտնել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին:
«Սա, ըստ էության, ոչ միայն կառավարության, այլև թավշյա հեղափոխության և մեր բոլորիս`ՀՀ քաղաքացիների առաջին քննությունն է հետհեղափոխական այս շրջանում: Իհարկե, որևէ կասկած չկա, որ այս ընտրությունները կանցկացնենք լիարժեք օրինականության պայմաններում, կբացառվի որևէ տեսակի ընտրակեղծարարությունը, ընտրակաշառքի բաժանումը, սա բացառված և ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները շատ հստակ կարձանագրեն իրենց հաղթանակը այդ ընտրություններում» ,-նշեց նա՝ հավելելով, որ պատրաստվում է մասնակցել քարոզարշավին՝որքանով օրենքը թույլ է տալիս, և կխոսի Երևանի խնդիրների, իրենց թեկնածու Հայկ Մարությանի մասին: «Կարծում եմ, որ շատ հետաքրքրիր ընտրություն և քարոզարշավ է սպասում»,-նշեց վարչապետը։
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ կապված խնդրին, Փաշինյանն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել, ընկերաբար խնդրել է, որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, ինչը Շանթ Հարությունյանը մերժել է:
«Այն պահից, երբ վարչապետ եմ ընտրվել քաղբանտարկյալների ազատությունը եղել է առաջնահերթություններից մեկը: Ըստ էության՝ զբաղվել եմ այդ հարցով, այդ կապակցությամբ իմ խոսնակը հանդես է եկել պարզաբանումով: Նախ գիտեք, երբ այդ խնդիրը դրված էր, ինձ համար պետք էր հասկանալ, թե կառավարությունը ինձ լծակներ ունի Շանթ Հարությունյանին և մյուս դատապարտյալներին ազատ արձակելու համար: Մենք գտանք այդ մեխանիզմը, որ դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նաև տրվում է արձակուրդ և նա ըստ էության 24 ժամ լինում է ազատության մեջ պայմանով, որ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մեխանիզմն առաջարկվել է Շանթ Հարությունյանին, Լիպարիտ Պետրոսյանին և Վարդան Վարդանյանին, երկուսն օգտվել են դրանից, Շանթ Հարությունյանը՝ ոչ:
«Ես խնդրեցի Շանթ Հարությունյանին ուղեկցել Վարդաշեն ՔԿՀ պետի առանձնասենյակ և ես Բաղրամյան 26-ից առանձնազրույց ունեցա նրա հետ: Նա ասաց, որ պահանջում է արդարացնել իրեն: Ես նրան ասացի, որ դատական իշխանությանը հրահանգներ չեմ տալու և չեմ կարող հրահանգել, որ իրեն արդարացնեն, եթե այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Շանթ Հարությունյանն ասել է, որ համամիտ չէ ստորագրել այդ թուղթը. «Ես նրան ընկերաբար խնդրեցի, որ հիմա այդ թուղթը ստորագրի, հայտնվի ազատության մեջ և ասացի, որ ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, դու՝ ՔԿՀ-ում, խնդրում եմ այդ քայլն արա, ես էլ եմ համաներումով դուրս եկել, ինքը չհամաձայնեց»,- պատմեց վարչապետը՝ շեշտելով, որ այնուամենայնիվ, ինքը Հարությունյանին ասել է, որ երբ համաձայնի այդ մեխանիզմից օգտվել, կլինի ազատության մեջ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ամուլսարի շահագործման խնդրին: Նա նշեց, որ տեսչական մարմինները որոշակի ստուգումներ են անցկացրել, որը թույլ է տալիս միջանկյալ եզրակացության գալ, և վերջնական եզրակացության գալու համար անհրաժեշտ է ևս մեկ միջազգային փորձաքննություն իրականացնել:
«Սա չափազանց կարևոր հարց է: Ես ասել եմ, որ ՀՀ կառավարության որոշումը Ամուլսարի հետ կապված կարող է հիմնված լինել միայն անառարկելի փաստերի վրա»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ ցանկանում է փարատել բոլորի կասկածները: «Մեզ պետք է քրեական գործի շրջանակներում ունենալ այնպիսի փորձաքննության արդյունքներ, որոնք ընդունելի կլինեն բացարձակապես բոլորի համար` թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության համար»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ կառավարությունը աշխատում է այդպիսի փաստեր ձեռք բերելու ուղղությամբ և այս պահի դրությամբ այդպիսիք չկան:
«Այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ անառարկելի փաստեր, որոնք միանշանակ եզրակացության կբերեն չկան, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, որոնք արձանագրված են»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը