01 09 2018

Վերապատրաստման և որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը կբարձրանա. Արայիկ Հարությունյան

Վերապատրաստման և որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը կբարձրանա. Արայիկ Հարությունյան

Առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կներկայացվի հայոց լեզվի թեստի նոր տարբերակ: Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նոր թեստերը ավելի շատ կստուգեն աշակերտի վերլուծելու, քննելու ունակությունները. «Մենք գիտենք, որ մեր երեխաները անգիրի վրա վարժվում են, ամբողջ շտեմարաններն անգիր են անում: Մենք, մասնավորապես, անգլերենի քննության առումով, ասելու ենք, որ առաջադրանքները նույնն են, ինչ շտեմարանում, բայց բովանդակությունը տարբեր է լինելու: Սա անում ենք, որ անգիրի վրա հիմնված գիտելիքը չազդի ընդհանուր արդյունքների վրա»,-ասաց ԿԳ նախարարը:

Նրա խոսքով՝  «Ուսուցիչ» ծրագրով հաջորդ տարի նախատեսում են մանկավարժների վերապատրաստում, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա:

«Մենք ստեղծել ենք մի համակարգ, երբ վերապատրաստման և որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը բարձրանալու է: Պետք է հասկանանք, թե տնտեսական առումով ինչ հնարավորություններ ունենք, դա իրակացնելու համար»,-ասաց նա:

Հարցին, թե դպրոցները պատրա՞ստ են ներառական կրթությանը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հարմարեցումների առումով, կարծում եմ՝ ոչ: Դա բնորոշ է բոլոր մարզերին: Նաև կան ուսուցիչների, կրթության կառավարիչների, ծնողների վերապատրաստման հետ կապված խնդիրներ: Այս փուլում առաջ եկած խնդիրները մենք քայլ առ քայլ լուծելու ենք և մի քանի տարի հետո ունենալու ենք շատ լավ համակարգ»:

Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս մի քանի մարզեր անցել են ներառականության՝ Սյունիքի, Տավուշի մարզերը, Արմավիրն է հիմա անցնում, հաջորդ փուլերում կլինեն Շիրակը և Արագածոտնը. «Արմավիրի մարզում հատուկ դպրոցները փակվել են, աջակցության կենտրոնների են վերածվել: Նաև սոցապ նախարարության հետ համագործակցում ենք, որ այն երեխաները, որոնք ունեն սոցիալական խնդիրներ, նրանց խնամքն արդեն համապատասխան ծառայությունները տանեն, ոչ թե հատուկ դպրոցները: Յուրաքանչյուր երեխա, որն ունի հատուկ կարիք, այդ կարիքը գնահատվում է, նրա համար ծրագիր է կազմվում, և ըստ այդ ծրագրի երեխան ստանում է կրթություն դպրոցներում: Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ յուրաքանչյուր երեխա ունի հատուկ կարիք»,-ընդգծեց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ