Այսուհետ մոբայլ ծրագրավորողները կարող են Հայաստանից «Android Google Play»-ում տեղադրել և վաճառել իրենց ստեղծած հավելվածները։ Այս մասին տեղեկանում ենք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Մինչ այժմ հայ ծրագրավորողները «Google play»-ում անվճար հավելվածներ տեղադրելու հնարավորություն ունեին, որոնք հասանելի էին ամբողջ աշխարհում: Սակայն վճարովի հավելված կամ հավելված, որը կարող է պարունակել ներհավելվածային գնումներ, Հայաստանում բացված ծրագրավորողի հաշիվները տեղադրել չէին կարող, քանի որ Հայաստանը ընդգրկված չէր Google-ի կողմից թույլատրված երկրների ցանկում: Տեղական ընկերությունները ստիպված էին լինում այլ երկրներում բացել «Developer account» և հարկ վճարել այլ երկրներում ստացված վաճառքների դիմաց։ Դժվարություններ էին լինում նաև գումարը ստանալիս, քանի որ «Google»-ը ուղարկում էր գումարը միայն տվյալ երկրում բացված բանկային հաշիվներին:
Հայաստանում գրանցված ընկերությունները արդեն կարող են վաճառել իրենց հավելվածները «Google Play»-ում և ստանալ եկամուտներ:
Հայաստանում արտադրվող մոբայլ հավելվածների թիվն այսուհետ կաճի և միջազգային շուկայում դրանց սպառման ծավալները կավելանան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը