10 08 2018

Շարունակում են բարձրաձայնել «Սանիթեք»-ի վատ աշխատանքի մասին

Շարունակում են բարձրաձայնել «Սանիթեք»-ի վատ աշխատանքի մասին

Եթե քաղաքի աղբահանման ու սանմաքրման օպերատորները երկուսը լինեն, դա կստեղծի մրցակցային դաշտ։ Նման կարծիք հայտնեցին օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամները:

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ մոտ 20 օր առաջ այցելել է «Սանիթեք» ընկերություն, խոսել տնօրինության հետ՝ պարզելու, թե ինչու է քաղաքը կորած աղբի մեջ: Խոստացվել է, որ 1-2 օրվա ընթացքում Երևանը կբերվի իդեալական վիճակի, որ պատվիրվել են նոր աղբատար մեքենաներ, բայց արդեն 20 օր է անցել, բայց խնդրին լուծում չի տրվել:

Դավիթ Խաժակյանն էլ նկատեց, որ փորձել են կազմակերպության հետ իրենց խնդիրները կարգավորել՝ ոչ թե այդ կազմակերպության նկատմամբ հանրային ճնշում գործադրելով:

«Լուծումը թաքնված է եղել դեռևս 4 տարի առաջ կատարված գործարքում՝ «Սանիթեքի» հետ, որի արդյունքը մենք այսօր տեսնում ենք: Խնդիրն այն է, որ այն ժամանակ, երբ պետք է փոփոխվեին սանմաքրման մեքենաները, այսինքն՝ համայնքից հանձնվեին մասնավոր կազմակերպության, նախատեսված է եղել Երևանը բաժանել 2 մասի, և այս 2 մասի համար հայտարարել մրցույթներ ու քաղաքը հանձնել 2 օպերատորների։ Դրանցից մեկը եղել է «Սանիթեքը», մյուս կազմակերպությունը հրաժարվել է դա կատարել. դրանից հետո պետք է հայտարարվեր նոր մրցույթ, որպես քաղաքի աղբահանությունն իրականացնեին 2 կազմակերպություն, որոնք կմրցակցեին»,-տեղեկացրեց Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանը հավելեց, որ այս առաջարկը պատրաստվում են ներառել իրենց նախընտրական ծրագրում, քանի որ գործող քաղաքային իշխանությունը, որն ամիսներ անց չի լինելու, դժվար թե կարողանա այն կյանքի կոչել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ