Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը վստահեցրել է, որ այն անհատ բաժանորդները, որոնք ունեցել են սահմանված ժամկետից երկար անջատումներ, իրենց հաշվին կստանան ֆինանսական փոխհատուցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Կարեն Հարությունյանն ասել է նաև, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կրել են տարբեր աստիճանի ֆինանսական կորուստներ, կարող են դիմում գրել էլ. ցանցերի սպասարկման կենտրոններում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու համար: Տնօրենը վստահեցրեց, որ այս օրերին մի քանի բրիգադ է ավելացվել, որպեսզի առավել արագ կատարվեն վթարների վերականգնողական աշխատանքները: Նրա փոխանցմամբ վերջին օրերի հոսանքի անջատումները առավելապես պայմանավորված են ամառվա շոգին էլ. էներգիայի մեծ ծավալի սպառմամբ:
Իմ դիտողությունները փոխանցեցի նաև 1-80 թեժ գծի վատ աշխատանքի հետ կապված, որին ի պատասխան՝ տնօրենը վստահեցրեց, որ ավելացվել են մի քանի խմբեր, որպեսզի հասցնեն պատշաճ պատասխանել քաղաքացիների զանգերին»,- գրել է պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը