06 08 2018

Պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա. Նիկոլ Փաշինյան

Պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա. Նիկոլ Փաշինյան

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները:

Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել.

«Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»:

Այնուհետև պատասխանատուներրը ներկայացրել են ջրամբարների լցվածության մակարդակի, ոռոգման սեզոնը լիարժեք փակելու համար անհրաժեշտ ջրի քանակի, ճեղքվածքը լրացնելու հնարավոր միջոցառումների, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը, որի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ ոռոգման խնդիրների լուծման ուղղությամբ: Այնուհետև անդրադարձ է կատարվել ոռոգման համակարգերից ջրային կորուստների նվազեցմանը, ՀԷԿ-երի գործունեության վերահսկողությանը և առաջացող բնապահապանական խնդիրներին:

Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որն առավելագույնը կարճ ժամանակահատվածում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ոռոգման ջրի ապահովման խնդիրն ու կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

«Անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ: Խնդիրը պետք է լուծել մաքսիմալ արդյունավետ և կարճ ժամանակում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ընդգծելով հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի զարգացման անհրաժեշտությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ