19 07 2018

Յուրի Խաչատուրովը ՊՆ-ից երկու բնակարան է ստացել և վաճառել. «ՀԺ»

Յուրի Խաչատուրովը ՊՆ-ից երկու բնակարան է ստացել և վաճառել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ. թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության կանչված, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 1998-1999 թվականներին Պաշտպանության նախարարությունից բնակարան է ստացել՝ որպես կարիքավոր սպա: Ինչպես օրերս տեղեկացրել էինք՝ Խաչատուրովը մի քանի տարի բնակվել է Ազատության պողոտայի՝ ՊՆ-ին պատկանող բազմաբնակարան շենքերից մեկում՝ «գեներալների շենքում», որտեղ ունեցել է երկու բնակարան, դրանք սեփականացրել և վաճառել է:

ՊՆ-ն սպաներին հիմնականում հատկացնում է մեկ բնակարան, որոնք լինում են 1-3 սենյականոց, և հազվադեպ է լինում, որ սպային տրամադրում են 2 բնակարան՝ 1 և 3 սենյակներ ունեցող, իրար հարևանությամբ՝ եթե սպայի ընտանիքը բազմամարդ է:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ 1990-ական թվականների վերջին պաշտպանության նախարարությունը այդ շենքի բնակարանները ըստ ընթացակարգի հատկացրել է կարիքավոր համարվող սպաներին: Այդ սպաների ցուցակում է եղել նաև Յուրի Խաչատուրովը:

Բնակարան ստանալու հայտ ներկայացրածների ցուցակում առաջնահերթությունը տրվում է կամ բազմամարդ ընտանիք ունեցող սպաներին, կամ այն սպաներին, ովքեր կոչումով ավելի բարձր են:

Խաչատուրովն ուղղակի սեփականացրել և վաճառել է իրեն հատկացրած բնակարանը և տեղափոխվել Ջրվեժում գտնվող իր շքեղ առանձնատուն:

«Հայկական ժամանակ»-ը ավելի վաղ գրել էր նաև, որ ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ, այժմ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը ևս առաջիններից է եղել, որը կարիքավոր համարվողների ցուցակով բնակարան է ստացել ՊՆ-ից»:

Նյութն ամբողջութամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ