14 07 2018

Եթե երեք օրից կապի դուրս չգամ, ուրեմն վատ բան է պատահել. Ադրբեջան այցելած բլոգեր



Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մոսեսով) յութուբյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել և տեղեկացրել, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել իր նկատմամբ:

«Ես արդեն լքել եմ երկիրս ու դեռևս չեմ կարող ասել՝ ուր եմ գնում: Դա անում եմ՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Դիմում եմ բոլոր այն երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում, խնդրում եմ քայլեր ձեռնարկեք իմ իրավիճակի հետ կապված: Սովորական մարդկանց խնդրում եմ գոնե տարածել այս տեսանյութը: Իմ կյանքը վտանգի մեջ է, հիմա իմ ամեն մի քայլին հետևում են: Եթե երեք օրից կապի դուրս չգամ, ուրեմն ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել»,-նշել է է բլոգերը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բլոգերն իր էջում տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցից: Բելառուսական անձնագրով և հայկական արմատներով բլոգերը ժամանել էր Ադրբեջան և այցելել Գյանջայում (Գանձակ) իր ծնողների տուն: Նա նշել էր, որ ցանկանում է՝ պարզ դառնա Ադրբեջան իր այցի նպատակը. նա այցը կատարել է որպես զբոսաշրջիկ և չի այցելել այդ երկիր կանխամտածված ատելությամբ:

Դեպքին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ դիմելով միջազգային կազմակերպություններին:

«Լսեք, սա արդեն ոչ մի լավ բանի չի տանում։ Օրերս պատմել եմ հայկական ծագմամբ բելառուս ճանապարհորդի մասին, որը այցելել է Ադրբեջան, և այնտեղ գտել է իր ծնողների տունը: Դրանից հետո նրա վրա են հարձակվել ոչ միայն տեղի լրատվամիջոցները՝ նրան մեղադրելով Հայաստանի, «ԻՊ»-ի, մասոնների և Աստված գիտի էլ ում համար աշխատելու մեջ, այլև նրա վրա են հարձակվել նաև երկրի՝ «պետական ստով վարակված» բնակիչները և սկսել են նրան սպառնալ ֆիզիկական հաշվեհարդարով, նրա և հարազատների նկատմամբ սեռական բռնությամբ։

Ալիևն իսկապես գժվել է, կարծես, Գյանջայում ու Լենքորանում խռովությունները նրա համար քիչ են։ Նրանք չեն հասկանում, որ կորցնում են սեփական քաղաքացիների հույզերի նկատմամբ վերահսկողությունը, և ինչ-որ մեկը տարրական  ինքնադատաստան է իրականացնում մի մարդու նկատմամբ, որի ամբողջ մեղքն այն է, որ ազգությամբ հայ է և սիրում է ճանապարհորդել։ Անձամբ ես հենց հիմա անմիջապես նամակ եմ գրում բոլոր հնարավոր այն կապերով, որոնք ձեռք եմ բերել ամբողջ աշխարհով կատարած ճանապարհորդությունների և հանդիպումների ժամանակ՝ Amnesty International, Human Rights Watch, Reporters without borders, կդիմեմ նաև ԱՄՆ կոնգրեսականներին, Չեխիայի, Կիպրոսի, Լյուքսեմբուրգի, Կանադայի, Ուրուգվայի և Ֆրանսիայի խորհրդարանականներին, գումարած Դունյա Միյատովիչին՝ Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հանձնակատարին։ Ամեն տեղ, որտեղ հնարավոր է։

Ցավոք, ես Վլադ Մովսեսովի հետ կապ չունեմ, և հուսով եմ՝ նա Բելառուսում չէ, որին Ադրբեջանն արդեն դիմել է նրա հարցով»,-գրել է Լապշինը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ