11 07 2018

Հայազգի բլոգերին սպառնացել են Ադրբեջան այցից հետո

Հայազգի բլոգերին սպառնացել են Ադրբեջան այցից հետո

Հայ-վրացական ծագման բելառուցսի, Վլադ Մագ մականունով բլոգերը բոլորին խաղաղ ապրելու կոչ է արել: Մոտ մեկ շաբաթ առաջ բլոգերը տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցի մասին: Հայկական արմատներով բլոգերը բելառուսական անձնագրով ժամանել էր Ադրբեջան և այցելել Գյանջայում (Գանձակ, նախկինում՝ Կիրովաբադ) իր ծնողների տուն:

Տեսանյութում նա ցույց էր տվել ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերը՝ Իրանի հետ սահմանին գտնվող տարածքների բնակիչների կասկածամիտ վերաբերմունքը զբոսաշրջիկների հանդեպ, մարդիկ, որոնք պատրաստ են օգնել անծանոթներին, և նրանք, ովքեր ատելությամբ են խոսում հայերի մասին:

Տեսանյութը լայն տարածում էր գտել Հայաստանում և Ադրբեջանում: Բլոգերը նշել է՝ նյութը հրապարակելուց հետո նրա հասցեին մի շարք սպառնալիքներ են հնչեցվել: «Ես խաղաղությամբ եմ եկել երկիր: Իմ նպատակն է մարդկանց ցույց տալ՝ ինչպիսին նրանք կան: Բայց շատերը լավը չեն տեսել, միայն՝ բացասականը»,- հայտնել է բլոգերը:

 

 

Տեսանյութի՝ սադրիչ բնույթ կրելու մեղադրանքներին պատասխանելով՝ Վլադ Մագն ընդգծել է, որ աշխատում է միայն իր ալիքի համար, բովանդակությունը չի վաճառվում և չի գնվում:

«Ես նախկինում նման ագրեսիայի չեմ հանդիպել: Մարդու քաղաքական հետապնդումը, ով կապված չէ քաղաքականության հետ, ճիշտ չէ: Հետապնդում իրականացնել տարածաշրջան այցելելու համար, որի կարգավիճակի շուրջ քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ,  ապօրինի է: Հակամարտությանն ընդամենը 20 վայրկյան է հատկացված: Եվ դրանք բոլորին հայտնի տվյալներ են համացանցից»,- պարզաբանել է բլոգերը:

«Կոչ եմ անում բոլորին խաղաղության մեջ ապրել, քանի որ ատելությունը հոշոտում է մեզ ներսից»,- եզրափակել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ