02 07 2018

Ի՞նչ պետք է անել Էլիզաբեթ 2-րդի մահվան դեպքում. Մեծ Բրիտանիայի իշխանությունը գործողությունների փորձ է անցկացրել

Ի՞նչ պետք է անել Էլիզաբեթ 2-րդի մահվան դեպքում. Մեծ Բրիտանիայի իշխանությունը գործողությունների փորձ է անցկացրել

Մեծ Բրիտանիայի 92-ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդն աշխարհի ամենաերկարակյաց միապետն է: Նա երկիրը կառավարում է 1953 թվականից սկսած: Մինչ մարդիկ ենթադրում են, թե նրա մահից հետո բրիտանական գահը ում բաժին կհասնի՝ արքայազն Չարլզին, թե արքայազն Ուիլյամին, Daily Mail պարբերականը որոշել է ամենայն մանրամասնությամբ ներկայացնել՝ ինչ տեղի կունենա միապետի մահվան դեպքում: Հետաքրքրական է, որ թագուհին կենդանության օրոք մասնակցել է իր ապագա հուղարկավորության արարողությանը վերաբերող կազմակերպչական աշխատանքներին ու որոշել՝ ոնց է ամենն արվելու:

Երբ թագուհին մահանա, երկրի վարչապետին այդ մասին կտեղեկացնեն հատուկ ծածկագրի միջոցով՝ «Լոնդոնյան կամուրջը փլվել է»: Բուքինգհեմյան պալատի աշխատակիցների մեծ մասը կուղարկվի տուն: Ընդհանուր առմամբ, միապետի  հիշատակի ոգեկոչման արարողությունները կտևեն 12 օր` կաթվածահար անելով մի շարք ոլորտների աշխատանքն ու ֆինանսական մեծ կորուստներ պատճառելով երկրին:

Միապետի հուղարկավորության և նոր թագավորի թագադրման արարողությունների օրերը կլինեն հանգստյան ու կարժենան 1.6-7.9 մլրդ դոլար: BBC-ն 12-օրյա սգո շրջանում եթերից կհանի հումորային ծրագրերն ու շոուները: Հետաքրքրական է, որ BBC-ի հաղորդավարները մշտապես սև հագուստ են պահում, որպեսզի թագուհու մահվան լուրը հաղորդելուց առաջ արագ զգեստափոխվեն, հետո նոր եթեր մտնեն: Եթե թագուհին մահանա գիշերը, ապա լուրը կհայտնեն առավոտյան ժամը 8-ին: Իսկ ցերեկային ժամերին մահանալու դեպքում Լոնդոնի ֆոնդային բորսան (London Stock Exchange) կփակվի:

Նրա մահից հետո կփոխվեն ազգային օրհներգի բառերը, որպեսզի արտացոլվի նրա կորստի ցավը: Կիջեցվեն պետական դրոշները, կփակվեն զբոսաշրջային վայրերը: Մինչդեռ Սուրբ Ջեյմսի պալատից կհայտարարվի Էլիզաբեթ 2-րդին հաջորդող միապետի անունը: Դրանից հետո Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչները հավատարմության երդում կտան նոր միապետին:

Հայտնի է, որ թագուհու մարմինը կդրվի Վեսթմինսթերյան սրահում՝ թույլ տալով մարդկանց գալ ու վերջին հրաժեշտը տալ թագուհուն: Չի բացառվում, որ հանգուցյալի ընտանիքի արական սեռի ներկայացուցիչները կհսկեն նրա դին: Դրանից հետո թագուհուն կհուղարկավորեն: Արարողությունը կանցկացնի Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին: Արարողությունը, որը կսկսվի նրա դագաղը դեպի Վեսթմինսթերյան աբբայություն տանելով, կհեռարձակվի աշխարհով մեկ:

Թագուհու մահից մեկ տարի անց տեղի կունենա նոր միապետի թագադրման արարողությունը, ինչից հետո ի պատիվ նոր թագավորի նոր մետաղադրամներ կհատվեն, ոստիկաններն ու զինվորները նոր համազգեստներ կստանան, անձնագրերն ու նամականիշները կփոխվեն:

Նշենք նաև, որ ըստ աղբյուրի տեղեկության՝ հունիսի 28-ին փոխվարչապետ Դևիդ Լինդինգթոնը նախարարների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է, թե միապետի մահվան օրը ինչ միջոցներ են ընդուվելու: Միևնույն ժամանակ նշվում է, որ Բուքինգեմյան պալատում շեշտել են, որ Եղիսաբեթ II-ի առողջության համար մտահոգվելու պատճառ չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ