22 06 2018

Ծովի և ավազի հեքիաթը. Ճանաչողական այց՝ Հուրգադա

Ծովի և ավազի հեքիաթը. Ճանաչողական այց՝ Հուրգադա

Լարված աշխատանքային տարվանից հետո հանգիստը կարող է համարվել լիարժեք, եթե այն լավ կազմակերպված է, հայերի համար անփոխարինելի վայրում է՝ ծովում, նաև հարմարավետ է, հետաքրքիր, մատչելի: Հենց այդպիսի հնարավորություններ են ստեղծված եգիպտական տուրիստական քաղաքներում: Այդ ամենին տեղում ծանոթանալու նպատակով «Air CAIRO» ավիաընկերությունը և նրա հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «ԱՆՌԻՎԱ-ՏՈւՐ» տուրօպերատորը, որը արդեն 1 տարի կանոնավոր, առանց դադարի ուղևորափոխադրում է իրականացնում Հայաստանից դեպի Եգիպտոսի հայտնի հանգստավայրեր, հայաստանյան լրագրողների մեծաթիվ պատվիրակության համար ճանաչողական գերհագեցած ու տպավորիչ այց էր կազմակերպել Հուրգադա:

Հուրգադան Եգիպտոսի և Կարմիր ծովի ափին գտնվող երրորդ խոշոր բնակավայրն է, մայրաքաղաք Կահիրեից 500կմ հեռավորության վրա: Առաջինը, որ գրավիչ է դարձնում Հուրգադան, ուղիղ, կանոնավոր չվերթն է, որը շահեկանորեն փոխարինում է Երևան-Թբիլիսի ավտոնաճանապարհը, ապա նաև Թբիլիս-Հուրգադա չվերթը և մոտեցնում ծովն ու անապատը: Ընդամենը 3 ժամ և մի քանի րոպե ու արաբական հանգստավայրն իր ողջ հմայքով քո առաջ է:

Մեդիա տուրի մասնակիցների օդանավը վայրէջք է կատարում Հուրգադայի միջազգային օդանավակայանում, որն անճանաչելիորեն փոխվել է վերջին երկու տարում՝ վերածվելով ավելի մեծ, հարմարավետ կառույցի: Տարեկան Հուրգադան ընդունում է 2 մլն զբոսաշրջիկ, այստեղ նախընտրում են հանգստանալ ոչ միայն Եգիպտոսի բնակիչները, այլև հայերը, ռուսները, եվրոպացիները, առավելապես՝ գերմանացիներն ու անգլիացիները:

Օդանավակայանից դուրս գալուց հետո առաջինը, որ զգում ես, արևադարձային անապատային կլիմային հատուկ շոգն է, որը չի հասցնում անհարմարություն պատճառել՝ ամենուր առկա օդափոխիչներով, էքսկուրսավարների ջերմ ընդունելությամբ պայմանավորված: Իսկ ծովի երկայնքով ձգվող հյուրանոցների շարքն անվերջանալի է, ավելին՝ քաղաքում անդադար շինարարություն է ընթանում, կառուցվում են նորերը, շարունակաբար զարգանում է սպասարկման որակը: Զբոսաշրջիկների համար լուծվել է նաև ինտերնետ կապի հարցը, եթե նախկինում այն հասանելի էր բացառապես վճարովի քարտերի միջոցով, հիմա սահմանված վայրերում առկա է կապը:

Սպասարկման ոլորտը խիստ հետաքրքրական է, արաբական աշխարհին հատուկ ոճով այստեղ բացառապես տղամարդիկ են աշխատում: Տուրիստի հետ շփվելու համար անգլերեն, ռուսերեն բավարար բառապաշարով ու մեծ սիրալիրությամբ և ժպիտով դիմավորում, սպասարկում, ամենատարբեր ծառայություններ են առաջարկում ու ճանապարհում հյուրերին: Հայերն այստեղ ճանաչելի են, բայց ոչ Ազնավուրի, Մխիթարյանի անուններով, այլ Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի հիթ դարձած «Մի գնա» երգով ու նաև «փող չկա» կամ «թանկ է» բրենդային դարձած արտահայտություններով: Թեև հանդիպեցինք բնական յուղերի արտադրությամբ զբաղվող գործարանում աշխատող մի ռուս կնոջ, ով բավական տեղեկացված էր հայերի ու Հայաստանի մասին: Պարզվեց՝ նրա որդին ծառայել է Գյումրիում տեղակայված Ռուսական ռազմաբազայում:

Վերջին տարիներին Եգիպտոսը հայերի համար դարձել է նախընտրելի տուրիստական ուղղություններից: Եգիպտական հանգստավայրերը գրավիչ են դարձնում Կարմիր ծովը, ոսկեգույն ավազե լողափերը, դելֆիններն ու գունեղ ձկնատեսակները, անապատն ու կվադրոցիկլներով մրցավազքը, նավարկությունը, դայվինգը՝ ստեղծելով տպավորությունների ու հիշողությունների մի ամբողջ չափաբաժին: Այդպիսին էր նաև լրագրողների համար կազմակերպված ճանաչողական այցը:

Աննա Մկրտչյան

Լուսանկարները՝ Վահե Մինասյանի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ