02 08 2019

«Ժամ առաջվա» համար 35 մլն դրամ քամուն տալը, մեղմ ասած, «սիրուն» չէ․ 168.am

«Ժամ առաջվա» համար 35 մլն դրամ քամուն տալը, մեղմ ասած, «սիրուն» չէ․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «Թվում էր, թե երեկվա մեր հրապարակումից հետո, ուր մանրամասն ներկայացրել էինք Եգիպտոսից Հայաստան մեր քաղաքացիների տեղափոխման գործընթացի ողջ տխուր ոդիսականն ու հարցադրումներ կատարել պատկան մարմիններին, այլևս առիթ չենք ունենա գոնե առժամանակ անդրադառնալ այս թեմային, սակայն մեր հայրենի իշխանավորներն ամեն ինչ անում են թեման «տաք» պահելու համար, իսկ այսօրվա «պարզաբանումից» հետո չէինք կարող չանդրադառնալ դրանում տեղ գտած մտքերին։

Վերջապես, 168.am-ի թվով 3 հրապարակումներից ու բարձրացրած աղմուկից, խոսքուզրույցից, տարատեսակ մեկնաբանություններից հետո, խայտառակ ֆորսմաժորային իրադարձությունից 8 օր անց Կառավարությունը, ի դեմս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամլո խոսնակ Վահան Հունանյանի ու վերջինիս՝ «Արմենպրեսին» տված պարզաբանման՝ «պատասխանեց» այն հարցին, թե ինչո՞ւ Եգիպտոսի Հուրգադա քաղաքից մեր քաղաքացիների տարհանման ու հայրենիք տեղափոխելու գործը վստահվեց արտասահմանյան, տվյալ դեպքում՝ հունական ավիաընկերության, և ինչո՞ւ հարկատուներս դրա համար վճարեցինք 47 միլիոն դրամից ավելի գումար, եթե հայկական «Տարոն-Ավիա» ընկերությունը նույն գործընթացը կազմակերպեց շուրջ 6 միլիոն դրամով։

Պարզվում է, որ ոչ հայկական ավիափոխադրողի ծառայություններից օգտվելը պայմանավորված էր իրավիճակին արագ արձագանքմամբ:

«2019 թ. հուլիսի 25-ի Հուրգադա–Երևան չարտերային, նախապես պլանավորված չվերթի չեղարկման հետևանքով հանգստից վերադառնալ ցանկացող հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ, այդ թվում 10-ը՝ մինչև երկու տարեկան երեխաներ, հայտնվել էին չնախատեսված արտակարգ իրավիճակում: Այս իրադրությունում առաջնային էր ժամ առաջ կազմակերպել Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների անվտանգ վերադարձը՝ այդ պահին տեղում հասանելի բոլոր միջոցների գործադրմամբ: Ուստի, կոլեգիալ որոշում է կայացվել նախապատվությունը տալ ՀՀ քաղաքացիների՝ ժամ առաջ հայրենիք վերադարձնելուն ու թռիչքը կազմակերպել այն ավիափոխադրողի միջոցով, որն այդ պահին ուներ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և կարող էր անհապաղ իրականացնել չվերթը»,- ասել է Հունանյանը։

Նման մի պատճառաբանություն բերել էր նաև Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Այ այստեղ, stop!

Իսկ չի՞ հիշում պարոն Հունանյանը, որ հենց 168.am-ի հետ զրույցում էր Տաթևիկ Ռևազյանն ասել, որ «Մենք նաև հայկական ավիաընկերությունների հետ ենք հանդիպել, իրենք էլ կարող էին դիմել և աջակցել, բայց տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս ու ամբողջ սիստեմա չունեն, թե ինչպես տոմսեր տպեն, սպասարկեն»։

Եթե նկատում եք, ոչ մի խոսք չկա այն մասին, որ հրատապությունն ու տասնյակ միլիոններ քամուն տալը պայմանավորված է ժամ առաջ մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու անզուսպ մղումով։

Ի դեպ, ինչ վերաբերում է իրավիճակի արագ արձագանքման մասին շատ հուզիչ «ալիբիին», հիշենք թերևս, որ հանրությունն այն մասին, որ տուրիստական ընկերության անպատասխանատու ու միգուցե հանցավոր գործելակերպի արդյունքում Եգիպտոսից մեր հայրենակիցները չեն կարողանում վերադառնալ Հայաստան, իմացավ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումից։

Ի վերջո, անհաջող «կռուտիտներ» պետք չէ անել, որովհետև 168.am-ը շատ լավ տեղյակ է, որ մասնավորապես «Տարոն-Ավիայի» հետ բանակցություններ են վարվել, ի սկզբանե Կառավարությունում և Կոմիտեում իմացել են, որ մեր ավիաընկերությունը, ելնելով հայրենասիրական մղումներից, ինքնարժեքից շատ անգամ պակաս սակագին է առաջարկում, ասել են՝ սպասեք, սակայն հաջորդ օրը՝ թռիչքից ժամեր առաջ, ասել են, որ հրաժարվում են իրենց ծառայություններից։

Եվ միայն մեր հրապարակումից հետո են Կառավարությունից զանգել ու նրանց տեղեկացրել, որ օգոստոսի մեկի թռիչքը «Տարոն-Ավիան» է իրականացնելու։

Ի դեպ, Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի՝ տոմսեր տպելու վերաբերյալ դիտարկումը ավիատորների ծիծաղն է հարուցել, քանի որ նման իրավիճակում այդպիսի խնդիր առհասարակ չի առաջանում, կամ ժամանակակից աշխարհում տոմսեր տպելու անհնարինությունը ո՞րն է։

Հասկանում ենք, իհարկե, որ ինչ-որ կերպ պետք է «սղղացնել ու անցկացնել» այս թեման, որովհետև ամեն դեպքում  «երիտասարդ, անկաշառ, մաքրամաքուր» կառավարությունը պիտի ինչ-որ հոդաբաշխ պատասխան տա այն հարցին, թե ինչո՞ւ մի թռիչքի համար 4 անգամ ավելի գումար վճարվեց, սակայն անհաջող արդարացումների փոխարեն, թերևս, ավելի ճիշտ կլիներ լռելը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, մի պահ հավատանք, որ այդ 47 միլիոն գումարը հունական ավիաընկերությանն է տրամադրվել ժամ առաջ մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու համար, ուրեմն Քաղավիացիան վատ կառավարիչ ունի, որովհետև «ժամ առաջվա» համար շուրջ 35 միլիոն դրամ քամուն տալը, մեղմ ասած, «սիրուն» չէ։

Եվ վերջում, ամեն դեպքում չի ստացվում զսպել գայթակղությունն ու չասել. «Հը՞, համո՞վ էր 47 միլիոնը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ