Հունիսի 10-ին Հայաստանի 18 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ՝ 8-ում միայն համայնքի ղեկավարի, 6-ում` միայն ավագանու անդամի, և 4-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի:
Համայնքի ղեկավարի հայտ էր ներկայացրել 27 թեկնածու: Նրանցից 22-ն ինքնաառաջադրվել էին, 4-ին «Բարգավաճ Հայաստան կուսակցությունն» էր առաջադրել, 1-ին՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»:
Ավագանու անդամի 79 թեկնածուներից 76-ն ինքնաառաջադրվածներն էին, 2-ին առաջադրել էր ՀՀԿ-ն, մեկին՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը»:
Համաձայն ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի գյուղապետ է ընտրվել Ավետիս Մուրադյանը, ով ստացել է 197 ձայն՝ երկու ձայն ավելի իր մրցակցից:
Լոռու մարզի Գեղասար համայնքում գյուղապետ է ընտրվել Վարազդատ Գրիգորյանը՝ ստանալով 206 կողմ ձայն, իսկ Անտառաշենի գյուղապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը:
Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի գյուղապետ է ընտրվել Հովիկ Զաքարյանը, Դավթաշենի գյուղապետ է ընտրվել Գևորգ Հովհաննիսյանը, Դպրեվանքի գյուղապետ է ընտրվել Արամայիս Կասաբովը, Նոր Արթիկի գյուղապետ է ընտրվել Վարդգես Ներսիսյանը:
Արարատի մարզի Այգեզարդ համայնքի գյուղապետ է ընտրվել անկուսակցական Ազատ Ավետիսյանը: Նշենք, որ այստեղ 4 թեկնածուներից 3-ը անկուսակցական էին, մեկ թեկնածու էլ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունից, որը քիչ ձայն է հավաքել: Գոռավանի գյուղապետ է ընտրվել Արսեն Բազիկյանը:
Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի գյուղապետ է ընտրվել Նորայր Հարությունյանը, իսկ Տորֆավանի գյուղապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը:
Արմավիրի մարզի Մարգարա համայնքում գյուղապետ է ընտրվել Էդգար Ենոքյանը:
Նշենք, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ավարտին մասնակցության ցուցանիշը կազմել է 54.67%` 15 հազ. 487 ընտրողից։
Ուշագրավ է այն, որ մինչ այս կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն շատ թեկնածուներ էր առաջադրում, իսկ հունիսի 10-ի ընտրությանը՝ ընդամենը 3 թեկնածու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը