05 04 2018

Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը

Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը

Վատիկանի պարտեզներում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը: Արարողությանը ներկա են ՀՀ եղել Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը և այլ հյուրեր։

Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։ Այսպիսով՝ արվեստի միջոցով մի ուղերձ է փոխանցվում, որն ի զորու է սերտացնել հարաբերությունները քույր եկեղեցիների միջև։

Նշենք, որ օծումից առաջ Վատիկանում՝ Հռոմի պապի նստավայրում, տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հանդիպումը, որին հաջորդել է առանձնազրույց և նվերների հանձնման արարողություն: ՀՀ նախագահը Հռոմի պապին նվիրել է Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սերժ Սարգսյանին՝ մարմարե արձանի մանրակերտ, որը խորհրդանշում է խաղաղություն:

Հիշեցնենք, որ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը Վատիկանին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրելու գաղափարը ծագել է երկու տարի առաջ, Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, երբ Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Հորը նվիրեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փոքրիկ բրոնզե արձանը՝ հուսալով մի օր դրա խոշոր տարբերակը տեսնել Վատիկանի պարտեզներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ