23 03 2018

Ալեքսանդր Լապշինը կայցելի Հայաստան

Ալեքսանդր Լապշինը կայցելի Հայաստան

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը կայցելի Հայաստան: Ֆեյսբուքյան իր էջում Լապշինը գրել է. «Զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երևան: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքվում»: Ծրագիրը կներառի թռիչք Մեհրիբան Ալիևիայի (խմբ.- Ադրբեջանի առաջին տիկնոջ) անձնական ինքնաթիռով, հանգիստ Քյուրդախանի բանտում՝ all inclusive, և Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան: Տուրի արժողությունը՝ պայմանագրային… կատակ է:

Իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, այցելեք»,- գրել է Լապշինը:

Նշենք, որ ցուցահանդեսը նախատեսված է ապրիլի 20-22-ը:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար:

Բաքվում նա դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, իսկ 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին:

Ադրբեջանից հեռանալուց հետո Լապշինը սոցիալական ցանցերով հակաադրբեջանական արշավ սկսեց՝ ներկայացնելով Բաքվի հակահայկական ու հակամարդկային կեցվածքը:

Օրերս ֆեյսբուքյան էջում տեղադրել էր տեսանյութ, թե ինչպես ադրբեջանցի ուսուցիչը փոքրիկ երեխաներին սովորեցնում է ատել հայերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ