Forbes ամսագիրը հրապարակել է 2018 թվականի միլիարդատերերի վարկանիշը: Առաջին երեք տեղերը զբաղեցնում են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը և ներդրող Ուորեն Բաֆեթը:
Բեզոսը դիրքերը բարելավել է երկու հորիզոնականով և միակ մարդն է, ում կարողությունը 100 մլրդ դոլարն անցնում է: Միայն մեկ տարում նրա կարողությունն ավելացել է ռեկորդային՝ 39 միլիարդ դոլարով:
Հաջորդ ամենահարուստ մարդու՝ Բիլ Գեյթսի կարողությունը 90 միլիարդ դոլար է, Ուորեն Բաֆեթի կարողությունը՝ 83 միլիարդ դոլար:
4-րդ ամենահարուստ մարդը ֆրանսիացի գործարար Բեռնարդ Արնոն է՝ Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահը: Նա մեկ տարում վաստակել է 30 միլիարդ դոլար և հայտնվել այդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում է 72 միլիարդ դոլար:
Հինգերորդ ամենահարուստը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է՝ 71 մլրդ դոլարով:
Forbes-ի «Միլիարդատերեր-2018» ցանկում երեք հայ գործարար կա. ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որին պատկանում է «Մագնիտ» խանութների ցանցը, 4 մլրդ դոլար կարողությամբ գտնվում է ցանկի 550-րդ տեղում: Մեկ այլ ռուսաստանաբնակ գործարար՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը, 3,7 մլրդ դոլարով գտնվում է ցանկի 606-րդ հորիզոնականում: Արգենտինաբնակ Էդուարդո Էռնեկյանն ընդգրկվել է Forbes-ի ցանկի 887-րդ հորիզոնականում՝ 2.7 մլրդ դոլար կարողությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը