08 10 2024

Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա

Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ «ԻՋ ԳՐԱՆՏ ՏԵՔՍՏԻԼՕՊՏ» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բեռնատար վերելակը պոկվել է ճոպանից և ընկել, ինչից աշխատակից, ՌԴ քաղաքացի 42-ամյա Գրանտ Աֆանասևի ոտքը մնացել է վերելակի և պատի արանքում:

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածի ոտքը տեղի ուժերով դուրս է բերվել: Հրշեջ-փրկարարների և Իջևանի բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից անշարժացվել է տուժածի ոտքը, որից հետո նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով էլ տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա ստացել է ոտքի բաց վնասվածք։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար, իսկ նա նշված ֆաբրիկայի տնօրենն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերելակը ինքնաշեն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ