Բոլորս արձանագրել ենք իրողությունը, որ Ադրբեջանի նախագահի որևէ վիրավորանքի, կոշտ ելույթի, պահանջի հայկական կողմը չի հակադրվում։ Անկախ քաղաքական թիմից ու ուղղությունից, բոլորն արձանագրել են։ Այդ չհակադրվելը Հայաստանի ղեկավարությունը բացատրում է խաղաղության գործընթացը չվնասելով, թեև նման գործընթաց գոյություն չունի։ Շատերին է հետաքրքրում՝ ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում Ալիևին, ինչից է վախենում։ Լուրջ պատճառ կա, չէ՞։ Դժվար թե պատճառը պատերազմից վախը լինի․ ինչո՞ւ պետք է վախենա, ո՛չ հարազատի է կորցնում էդ պատերազմում, ո՛չ անձնական ֆինանսական միջոցներ, ո՛չ աթոռը և ուրեմն ինչո՞ւ վախենա պատերազմից։ Կարծում ենք, Նիկոլ Փաշինյանի այսօրվա վախերի պատճառը, չարձագանքելու պատճառը պետք չէ փնտրել ո՛չ այսօրվա, ոչ էլ անգամ 2020 թվականի պարտության մեջ։ Այլ՝ Փաշինյան-Ալիև առաջին բանակցության մեջ, որը տեղի էր ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 27-ին Դուշանբեում՝ հայտնի վերելակում և նրանից դուրս ու գուցե դրանից էլ առաջ։ Ժամանակին շատ երկար է քննարկվել Դուշանբեի վերելակը, որում նրանք մնացել էին մենակ, հետո Փաշինյանն ասում էր՝ էդ երկու րոպեում ի՞նչ պետք է անեինք։
Թարմացնեմ հիշողությունները․ 2018 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Արցախի հետ սահմանին լայնածավալ զորավարժություն արեց, որին մասնակցում էր 20 հազար զինծառայող, ծանր զինտեխնիկա։ Ավարտին տեխնիկան ու զորքը սահմանից չհանեցին։ Սեպտեմբերի 27-ին Արցախում զոհվեց ՊԲ 19-ամյա զինծառայող Աղասի Մկրտչյանը։ Նույն օրը Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների նիստ էր, և ոչ ֆորմալ հանդիպում են ունենում Փաշինյանն ու Ալիևը։ Սա իրենց առաջին հանդիպումն էր, ամեն դեպքում՝ հրապարակային․ դրանից առաջ՝ հունիսի 14-ին, ֆուիտբոլի աշխարհի առաջնության բացմանը Պուտինը նրանց ընդամենը ծանոթացրել էր։
Հանդիպումից Հայաստան վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ ու ասաց՝ քննարկել են սահմանին լարումը իջեցնելը, պայմանավորվել են բանակցություններով լուծել Ղարաբաղի հարցը և պայմանավորվել են աննախադեպ բան՝ օպերատիվ կապ ստեղծել միմյանց մեջ։ Ասաց, որ ընդհանուր քննարկումներ էլ են ունեցել, բայց չմանրամասնեց։ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում հանդիպում են երկու անգամ․ առաջինը սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրը էլի հանդիպում են՝ որպեսզի ճշգրտեն՝ երեկվա պայմանավորվածություններին ուժի մե՞ջ են, ճի՞շտ են իրար հասկացել, հո չե՞ն փոշմանել։ Բայց չի ասում, թե կոնկրետ ինչ են քննարկել։ Սա շատ կասկածելի էր։ Երբ մեկը առաջարկ է ստանում, լավ կամ վատ, միանգամից չի կարողանում համաձայնություն տալ, ժամանակ են տալիս, ասում են որոշի։ Նույնը եղել է Դուշանբեում, պայմանավորվել են, հաջորդ օրը հանդիպել են՝ ճշգրտելու՝ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ իրար ճի՞շտ են հասկացել, թե չէ։ Ու հետաքրքիր է, թե էդ ինչ են պայմանավորվել, որ հետո էլ ճշտել են, թե հո չե՞ն թռնում պայմանավորվածություններից։ Էս հանդիպումից 20 օր հետո՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողներին Փաշինյանն ասում է, որ Ալիևի հետ հուսալի օպերատիվ կապը պահպանվում է։
Հայաստանում շատ են հարցրել, թե ինչ եք քննարկել իրականում վերելակում, Դուշանբեում ինչ եք պայմանավորվել, կասկածելի է, ի՞նչ եք բանակցում Ալիևի հետ, Փաշինյանն ասում էր՝ այ քեզ բն, ոչ մեկ չի կարա ասի ինչ եք բանակցում, ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք։ 2020 թվականի պատերազմից 2 օր առաջ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը դարձյալ անդրադարձան հայտնի վերելակին ու Դուշանբեին, բայց դրանից հետո սկսեց պատերազմ ու էդպես էլ չբացվեց թեման։
Նախ խոսեց Իլհամ Ալիևը և ասաց՝ Փաշինյանը Դուշանբեում իրեն խնդրել է չկրակել, մինչև իր դիրքերն ամրացնի Հայաստանում։ Որպես Ալիևին արձագանք՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ օր առաջ հարցազրույց տվեց Հ1-ին, որն այդպես էլ եթեր չգնաց։ Ընդամենը 6 րոպեանոց մի կտոր հրապարակեց։ Ու ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը․ ասում էր՝ ոչ թե ես եմ խնդրել չկրակել, այլ Ադրբեջանի նախագահն է խնդրել, որ ես իրեն հնարավորություն տամ։ Ասում է՝ քանի որ Հայաստանում ավագանու քարոզարշավ էր, ելույթներում Ադրբեջանի ներքին հարցերից էլ էի խոսում, Ալիևը վախեցավ էնտեղ էլ հեղափոխություն անեմ, դրա համար խնդրեց Ադրբեջանում հեղափոխություն չանեմ։ Պրիմիտիվությունը պատկերացնում ե՞՞ք, ժողովուրդ։ Էդ որ Ալիևը քեզ իբր խնդրում էր միտինգներում ելույթ չունենաս, Ավագանու ընտրություններն արդեն մի շաբաթ ավարտվել էին, ելույթներ էլ չէիր ուենում, բացի այդ՝ Ալիևը բռնապետ է, էն ղեկավարը չէ, որ երկու հատ միտինգ անեն՝ իշխանություն հանձնի։ Եվ վերջապես դու ինչո՞ւ էիր շահագրգռված, որ Ադրբեջանում հեղափոխություն չլինի․ ջհանդամը թե չէր լինի, ավելի լավ, թող ամեն օր հեղափոխություն ու հեղաշրջում անեին, գերադասելի է՝ ոչ անարյուն․ դու ինչո՞ւ էիր Ալիևի աթոռի համար անհանգստանում։ Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բոլորովին արժանահավատ չէր։
Ասում է՝ ես իմ ձեռքով գրել եմ Դուշանբեի համաձայնությունները բլոկնոտի վրա, քննարկել ենք, եկել ենք համաձայնության։ Եվ հիմա հարցերի հարցն է՝ ինչ եք պայմանավորվել իրականում, ինչ ես գրել էդ բլոկնոտի վրա, ուր է էդ բլոկնոտը։ Կարող է՞ մեզ համար վտանգավոր բաներ եք պայմանավորվել, օրինակ՝ մի կրակի, մինչև իմ հարցերը լուծեմ, Ղարաբաղի հարցը մի ձև կկարգավորենք, քո սրտով։ Չէ՞ որ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց ու Դուշանբեից հետո ամեն առիթի ասում էր՝ պետք է խնդրի կարգավորումը ձեռնտու լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Կարող ա՞ ինչ-որ ուրիշ պայմանավորվածություններ ունես, դրա համար էլ ինչ խոսում է, քո ուղիղ կապով էլ այ էն քո ձեռքով գրած բլոկնոտդ է դեմ տալիս։ Կարող է՞ էդ բլոկնոտից մանրակրկիտ տեղյակ են նաև միջազգային մարմիններն ու այլ պետությունները, դրա համար էլ մինչև Արցախի հանձնելը, մինչև բլոկադայի ավարտը ձայն չէին հանում, մարսում էր ամենը։ Կարող է՞ Ալիևին քո չպատասխանելու գլխավոր պատճառը կոմպրոմատներն են։ Ինչ-որ շատ լուրջ, մահացու աստիճանի լուրջ կոմպրոմատներ։ Տարածքներ հանձնելուց մինչև սահմանադրության փոփոխություն, սաղ ասածները կատարում է․ ուրեմն լուրջ վախ կա, բլոկնոտային։ Ես ունեցել եմ պրակտիկա երբ որ շատ անվստահելի մարդու ստիպված եմ եղել թղթի վրա խոստումը տալ գրանցի․ գուցե էս պարագայում էլ թղթով խոստումները գրանցել են։
Սահմանին որ չէին կրակում, դա ի՞նչ խոստման դիմաց էր։ Նիկոլ Փաշինյանը տվել է մայրուղիներ Հայաստանից՝ Գորիս-Կապան և այլն, գյուղերի մի մասը՝ պատերազմ չլինելու դիմաց։ Նիկոլ Փաշինյանը տվել է մինչև Սև լճի 30 տոկոսը, որ պատերազմ չլինի, տվել է միջազգային հեղինակավոր կոնֆերանսի իր իրավունքը, որ գերի բերի, ականապատ դաշտերի քարտեզներ է տալիս և այլն, մի բան պարտադիր տալիս է ինչ-որ բանի դիմաց․ ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը տվել 2018-2020-ի ընթացքում սահմանների խաղաղության դիմաց, ինչ պայմանավորվածություն է խախտվել, ով խախտեց, որ եղավ պատերազմ․ ինչու եղավ այն, ինչ եղավ և լինում է պատերազմից հետո։ Եթե դու ասում ես, որ էն ժամանակ բան ես կարողացել պայմանավորվել ու պայմանավորվածությունը ստացվել է, պահվել է, ինչո՞ւ պետք է բացառենք, որ էն ամենը, ինչ արել ես պատերազմից հետո ու մեզ համար տարօրինակ է թվում, դա էլ պայմանավորվածության արդյունք։ Այլապես ոչ մի բացատրություն չունի էն ամենը, ինչ դու անում ես վերջին առնվազներեք տարվա ընթացքում։ Փաշինյանն Ալիևին առաջարկ է ուղարկել, ասել է՝ արի չհարձակվելու մասին պակտ կնքենք։ Նույն պակտից 2018 թվականին էլ Դուշանբեում էիր կնքել, տեսա՞ր վերջում ինչ եղավ։
Կարճ ասած՝ այն, ինչ եկավ Արցախի գլխին, եկավ ու գալիս է Հայաստանի գլխին, պետք է բացահայտումը սկել Դուշանբեից ու գուցե դրանից էլ առաջ։ Այո, իրենց առաջին հանդիպումն էր, բայց մինչև ի՞նչ եք նախապատրաստել, արդյո՞ք փոխադարձ չգիտեիք ում եք հանդիպում, ինչ առաջարկներ կարելի է անել, որից ոչ մեկ չի հրաժարվի։ Այն, որ Արցախը հանձնվեց, հետո հայաթափվեց, որ արցախցիների վերադարձը Ալիևը պայմանավորում է ադրբեջանցիների Հայաստան վերադարձով, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր տարածք, երբ նոր տարածքային պահանջներ է ներկայացնում, հրաժարվում է գերիներին վերադարձնել, ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, արգելում է Հայաստանին զինվել և այլն, պետք է պարզել՝ այս ամենը բխո՞ւմ է 2018 թվականի հեղափոխությունից հետո Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումից։ Արդյոք այս ամենը, ինչ կատարվեց մեր երկու երկրների գլխին, այդ պայմանավորվածությունների՞ արդյունք, է թե՞ դրանց խախտման հետևանք։
Շատ հարցեր պատասխան կստանան այդ կասկածելի ոչ ֆորմալ հանդիպումների բացահայտումից։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը