21 08 2024

Բաքուն հաստատել է՝ COP29-ին Հայաստանը հրավիրված է

Բաքուն հաստատել է՝ COP29-ին Հայաստանը հրավիրված է

ՄԱԿ-ի կլիմայական COP29 կոնֆերանսում, որը կանցկացվի նոյեմբերի 11-22-ը Բաքվում, Ադրբեջանը կոչ է անում դադարեցնել հրադադարն ամբողջ աշխարհում։  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը։

«Կլիմայի և խաղաղության փոխհարաբերությունները նույնպես Ադրբեջանի առաջարկների թվում են։ COP29-ում մենք կոչ կանենք դադարեցնել կրակը ողջ աշխարհում, ինչպես Օլիմպիական խաղերում», - ասել է փոխնախարարը՝ Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ համաժողովում քննարկվելիք կարևոր հարցերից մեկը Փարիզի համաձայնագրի 6-րդ հոդվածով ածխածնի առևտրի խոչընդոտների վերացումն է։ Բացի այդ, նախատեսվում է քննարկել կլիմայի ֆինանսավորման, էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, զբոսաշրջության, թվայնացման, կանաչ քաղաքների և մարդկային ռեսուրսներին վերաբերող հարցեր։

Սոլթանովն ասել է, որ Ադրբեջանը COP29-ին կհյուրընկալի մոտ 80 հազար հյուրի։

«Տարբեր օրերին տարբեր թվով հյուրեր կգան ու կլքեն երկիրը»,- պարզաբանեել է նա։

«Մենք ունենք ենթակառուցվածք, որը թույլ է տալիս օրական ընդունել մոտ 40 հազար հյուր։ Աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին ուղարկվել է հրավեր։ 50-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։ Ակնկալում ենք, որ այս թիվը կաճի։ Հայաստանը նույնպես հրավիրված է»,- հավելել է  նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ