Alphanews.am-ը գրում է. Ռուսաստանի հայերի միության Կուրսկի շրջանային բաժանմունքի նախագահ Դերենիկ Կոշտոյանը Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն աջակցության մասին, որը Սփյուռքը ցուցաբերում է Կուրսկի շրջանում ռազմական գործողություններից տուժածներին։
«Մոտ 100 հայ հեռացել է ռազմական գործողությունների գոտուց։ Ոմանք եկել են Կուրսկ քաղաք, մյուսները գնացել են այլ շրջաններ իրենց հարազատների մոտ։ Մարտական գործողությունների հետևանքով զոհված կամ տուժած հայեր չկան։ Ես անձամբ հանդիպում եմ բոլորի հետ, ընդունում եմ մեր գրասենյակում, զրուցում յուրաքանչյուրի հետ, ցուցաբերում ենք և ֆինանսական, և նյութական օգնություն։ Կապ ունեմ գրեթե բոլորի հետ, ունեմ բոլորի կոնտակտային համարները, բոլոր նրանց, որոնք կարող են օգնության կարիք ունենալ։
Մենք նաև տոմսեր ենք ձեռք բերել այն մարդկանց համար, որոնք ցանկանում էին մեկնել Հայաստան։ Շատերը լքել են իրենց տները և եկել Կուրսկ՝ չունենալով իրենց հետ ամենաանհրաժեշտը, նրանք ժամանակ չունեին որևէ բան վերցնելու, միայն փաստաթղթեր։ Մենք տրամադրում ենք աջակցություն, տրամադրում ենք կացարան, առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, օգնում ենք նաև գումարով: Մենք օգնում ենք Ռուսաստանի հայ համայնքի անունից և շարունակում ենք համատեղ աշխատել»,- ասել է Դերենիկ Կոշտոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը