09 08 2024

ՀէՑ-ն անդրադարձել է Օպերայի շենքի հոսանքազրկմանն ու մեղադրանքները համարել անհիմն

ՀէՑ-ն անդրադարձել է Օպերայի շենքի հոսանքազրկմանն ու մեղադրանքները համարել անհիմն

Օպերայի շենքի հոսանքազրկման վերաբերյալ Հայաստանի էլեկտրական ցանցերը հայտարարություն է տարածել.

«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը երեկ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի ս.թ. օգոստոսի 7-ին բալետային ներկայացման ժամանակ էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի պատճառով  դադարեցվել է հերթական ներկայացումը։

Այս առիթով հարկ ենք համարում նշել հետևյալը՝

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վերջին շրջանում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից մի քանի անգամ ահազանգ է ստացել այն մասին, որ Թատրոնում պարբերաբար տեղի են ունենում հոսանքազրկումներ: Խնդիրը պարզելու նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կատարել, ուսումնասիրել Թատրոնի էլեկտրամատակարարման սխեման և պարզել, որ առկա է խնդիր Թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում: Մեր մասնագետները տվյալ հանգամանքը մանրակրկիտ բացատրել են Թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ներկայացնելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Ընդհատումները պայմանավորված են Թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգաբերման, հնարավոր է նաև՝ փոխարինման:

Ս.թ. օգոստոսի 7-ին թատրոնում ներկայացման ժամանակ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի ընդհատումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր»ընկերության  աշխատակիցները մեկ անգամ ևս այցելել են Թատրոն և մեկ անգամ ևս արձանագրել խնդիրը: «ՀԷՑ» ՓԲԸ բաշխիչ ցանցի այդ հատվածում թերություններ չեն հայտնաբերվել:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստակամ է տրամադրել լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Թատրոնին հնարավորինս աջակցելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ