09 08 2024

Բռնի տեղահանված անձանց աշխատանքի ընդունող գործատուները ֆինանսական աջակցություն կստանան

Բռնի տեղահանված անձանց աշխատանքի ընդունող գործատուները ֆինանսական աջակցություն կստանան

Ֆինանսական աջակցություն է տրամադրվում բոլոր այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ անդրադառնալով այս թեմայի շուրջ գործատուներից հնչող որոշ հարցերի։

Հարց 1։ Ի՞նչ պայմանների պետք է բավարարի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը, որպեսզի ընդունեմ աշխատանքի և ստանամ աջակցություն։

Պատասխան։ Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց, ովքեր հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Հարց 2։ Արդյոք ֆինանսական աջակցություն կստանամ, եթե աշխատանքի ընդունեմ 2020 թվականին ԼՂ-ից տեղահանված անձի։

Պատասխան։ Ո՛չ, քանի որ ծրագիրն ուղղված է 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը։

Հարց 3։ Որքա՞ն աջակցություն կստանամ ԼՂ-ից բռնի տեղահանված անձին աշխատանքի ընդունելու դեպքում։

Պատասխան։ Ծրագրի շրջանակում գործատուները կարող են ստանալ երեք ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով գումար՝ որպես շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցում։ Իսկ եթե կազմակերպեք ԼՂ-ից բռնի տեղահանված անձի աշխատանքային պրակտիկան Ձեզ մոտ՝ երեք ամիս ժամկետով, կստանաք ամսական 165,000 դրամ՝ որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում և ևս 3 ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում։

Հարց 4։ ԼՂ-ից բռնի տեղահանված քանի՞ անձի կարող եմ ընդունել աշխատանքի։

Պատասխան։ Ծրագրով շահառուների թվի հետ կապված սահմանափակում նախատեսված չէ։

Հարց 5։ Արդյոք կարող եմ լուծել պայմանագիրը՝ մինչև սահմանված ժամկետի լրանալը։

Պատասխան։ Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետի լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է վճարել հատուցում՝ իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով կամ վերադարձնել որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում վճարված գումարը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ