22 04 2020

Աջակցության ծրագրերի դեպքում՝ փշրանք, պարգևավճարների դեպքում՝ «անհրաժեշտություն»

Աջակցության ծրագրերի դեպքում՝ փշրանք, պարգևավճարների դեպքում՝ «անհրաժեշտություն»

Օրերս վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված աջակցության ծրագրերով կառավարությունը արդեն ծախսել է 12,5 մլրդ դրամ, որը վերաբերում է 460 հազար քաղաքացիների։ Հասկանալու համար, թե դա ինչ աննշան գումար է, բավական է վերոնշյալ 12,5 մլրդ դրամը բաժանել այն ստացած 460 հազար քաղաքացիների թվի վրա։ Կստանանք, որ վերոնշյալ քաղաքացիներից յուրաքանչյուրին միջինը հասել է ․․․ 27 հազար դրամ։ Այսինքն, աշխատանքից և եկամուտներից զրկված քաղաքացիների ստացած աջակցությունը միջինում շատ ավելի ցածր է եղել անգամ նվազագույն աշխատավարձից։ Երևի կարիք չկա բացատրել, թե որ սա անգամ աջակցություն անվանելը չի կարելի։ Օրինակ՝ հարկադիր պարապուրդի ժամանակ գործատուները վճարում են աշխատակիցների աշխատավարձերի երկու երրրոդը, իսկ պետությունը՝ համանման վիճակում անգամ իր սահմանած նվազագույն աշխատավարձի երկու երրրորդի չափով աջակցություն չի տալիս։

Հաջորդը։ Ըստ Նաիրի Սարգսյանի, շուրջ 85 հազար նպաստառու ընտանիքների, որտեղ բնակվում են ավելի քան 300 հաղար քաղաքացիներ, կառավարությունը ծրագրերից մեկի շրջանակներում տրամադրելու է 1,2 մլրդ դրամ։ Դարձյալ կատարենք թվաբանական գործողություն, որի արդյունքում կստացվի, որ վերոնշյալ ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա միջինը 14000 դրամ։ «Պետության հնարավորություններն այդքան են» արդարացման հեղինակներին շտապենք հիշեցնել հանրաքվեի քարոզարշավի համար պետական բյուջեից հատկացված 3,5 մլրդ դրամի, միայն բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների (ընդհանուր առմամբ 63 հոգու) համար հատկացված 1 մլրդ դրամ պարգևավճարների և պետական կառավարման համակարգի համար հատկացրած ընդհանուր՝ 25 մլրդ դրամ պարգևատրումների մասին։ Ինչպես տեսնում ենք, վերջին դեպքերում «պետության հնարավորությունները» անմիջապես ընդլայնվում են, բազմակի անգամ գերազանցելով հարյուր հազարավոր մարդկանց։

Հիշեցնենք, որ կառավարության աջակցության ծրագրերով նախատեսված ընդհանուր գումարի՝ 150 մլրդ։ Շա՞տ է սա, թե՞ քիչ։ 

Մեր երկրի տնտեսության ողջ ծավալը՝ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) անցած տարի կազմել է 6 տրլն 552 մլրդ դրամ։ Այսինքն, մեկ ամսում մեր երկրի տնտեսության ծավալը մոտ 546 մլրդ դրամ է։ Այս տարվա մարտ ամսվա առնվազն կեսը և ապրիլ ամիսն ամբողջությամբ Հայաստանի տնտեսությունը գտնվել է և շարունակում է գտնվել հարկադիր պարապուրդի մեջ։ Դա նշանակում է, որ 546 մլրդ դրամիից ավելի արժեք չի ստեղծվել մեր երկրում այս և նախորդ ամիսների ընթացքում։ Դրա փոխարեն կառավարությունը որպես աջակցություն առաջարկում է մի քանի անգամ պակաս գումար՝ 150 մլրդ դրամ։ Դա մեր ՀՆԱ-ի 2,3 տոկոսն է կազմում։ 

Ասել, որ սա քիչ է, նշանակում է ոչինչ չասել։ Այն պարագայում, երբ մենք գտնվում ենք  դեռևս նախաճգնաժամային փուլում, և դժվարագույն ամիսները, գուցե և տարիներն առջևում են, վերոնշյալ ծավալի աջակցությունը պարզապես փշրանք է։ 

Հիշեցնենք, որ անցած տարվա բյուջեի ծախսերը թերակատարվել են շուրջ 300 մլրդ դրամով, իսկ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, դեռ 1,3 մլրդ դոլար էլ վարկային միջոցներ ունենք։ Այս գումարները կարող են որոշ չափով մեղմել թե մարդկանց սոցիալական վիճակը, թե տնտեսության ակտիվության  անկումը։ Դրանք միասին վերցրած մեր տնտեսության գրեթե 2  ամսվա ծավալն են կազմում։ Սակայն, գումար ունենալը դեռևս չի նշանակում, որ այն կարող է նպատակային և արդյունավետ ծախսվել։ Եթե անցյալ տարի, երբ չկար կորոնավիրուս, այդ գումարներով չեն կարողացել ծրագրեր իրականացնել, ապա դժվար է պատկերացնել, թե ներկայիս ճգնաժամային կացության պարագայում, պետական կառավարումից անտեղյակ կառավարությունն ու նրա ղեկավարը ինչպե՞ս կարող են դա անել։ Փոխարենը, նրանք կարողանում են փշրանքներ շպրտել ժողովրդին, դա համարելով մեծ լավություն և պահանջելով, որ իրենցից «չհիասթափվեն»։ 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ