31 07 2024

Տույաները հնարավոր էր մեկ հատը 15 000-20 000 դրամով ձեռք բերել․ ավագանու անդամը՝ 214 000 դրամով գնումների մասին



Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող հատվածում կառուցվող պուրակում, որտեղ բետոնապատ հատվածը շատ է, չէր կարելի զանգվածաբար տույաներ տնկել, որովհետև արմատները եռում են, ինչն էլ հանգեցնում է բույսի չորացման։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Քրիստինա Վարդանյանը` խոսելով ծառերի փոխարինման ծրագրի մասին։

Նշենք, որ մի քանի ամիս առաջ տնկված տույաների չորանալը մեծ աղմուկ է բարձրացրել նաև այն պատճառով, որ մեկ բույսը գնվել է 214 000 դրամով։

«Եկեղեցու ներքևի հատվածում այս տարի բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին, որի համար երևանցիները վճարել են 900 հազար դոլար գումար, և սա ընդամենը ¼ հա–ի համար։ Առհասարակ չեմ պատկերացնում, թե ինչ էր պետք անել այդ տարածքում, որ նման գումարներ ծախսվեին ու ամբողջությամբ չորացված հատված լիներ։ Հետաքրքիր է նաև, որ այդտեղ նորատունկ սոսի կա, որը շատ լավ վիճակում է։ Սա խոսում է այն մասին, որ պատասխանատու անձինք ջրել են այդ սոսին, իսկ տույաների և այլ բույսերի չորանալու դեմ ոչինչ չեն արել, ինչպես նաև չեն ահազանգել համապատասխան մարմիններին»,– ասաց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է գներին, ճիշտ է` կան թանկ տույաներ, բայց ավագանու անդամի խոսքով` սրանք այդ տեսակները չեն, և հնարավոր էր մեկ հատը 15 000-20 000 դրամով ձեռք բերել, 214 000 դրամի մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։ Դրանք չեն համապատասխանել այն չափերին, որոնք գրված են եղել փաստաթղթերում (2-2.5 մետր)։ Պուրակում տնկվել են 60-70 սմ կամ 1-1.5 մ բարձրությամբ տույաներ։

Մասնագետը շեշտեց, որ 1-2 հատ լինելու դեպքում հնարավոր էր այդ ծառերը խնամել, բայց բետոնապատ տարածքում տույաների զանգվածային տունկ չպետք է իրականացվեր, քանի որ նման պայմաններում արմատները սկսում են եռալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ