Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ես կհրաժարվեմ Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից»,- նշել է Մենենդեսը նամակում՝ շեշտելով, որ հրաժարականն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին:
«Չնայած ես լիովին մտադիր եմ բողոքարկել երդվյալ ատենակալների դատավճիռը, մինչև վերջ, ներառյալ Գերագույն դատարանը, չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատև գործընթացում», - ասված է նամակում:
Ավելի վաղ Մենենդեսը հերքել էր այն տեղեկությունը, թե մտադիր է հրաժարական տալ ու ավարտել 30-ամյա կարիերան ԱՄՆ Կոնգրեսում։
Հիշեցնենք, որ սենատորի դեմ քրեական գործ է հարուցվել դեռ 2022 թվականի հոկտեմբերին։ 2022 թվականին սենատորի Նյու Ջերսիի տանը խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են 480,000 դոլար կանխիկ գումար, ինչպես նաև ավելի քան 100,000 դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ:
2024 թվականի հուլիսի 16-ին, Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատենակալները դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին մեղավոր են ճանաչել մեղադրանքի բոլոր 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերության, շորթման և օտարերկրյա գործակալի վերաբերյալ: Դատավարությունը տևել է ինը շաբաթ: Նրան սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:
Դատավճռի հրապարակումից հետո Մենենդեսն ասել է, որ խորապես հիասթափված է երդվյալ ատենակալների որոշումից:
«Ես լիովին վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք բողոքարկման ժամանակ, ես երբեք օտարերկրյա գործակալ չեմ եղել: Երդվյալ ատենակալների որոշումը վտանգի է ենթարկում ԱՄՆ Սենատի յուրաքանչյուր անդամի այն հարցում, թե ով կարող է համարվել օտարերկրյա գործակալ», - ասել է քաղաքական գործիչը, որը թոշակի է անցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից 2023 թվականի սեպտեմբերին:
Դատախազների խոսքով՝ 70-ամյա սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդեսը, որպես կաշառք երեք գործարարից ստացել են հարյուր հազարավոր դոլարներ կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ, հիփոթեքային վճարումներ:
Փոխարենը Մենենդեսն օգնել է միլիարդավոր դոլարների ամերիկյան օգնություն տրամադրել Եգիպտոսին, որտեղ գործարարներից մեկը պետական կապեր ուներ: Դատախազները Մենենդեսին մեղադրել են նաև երկու այլ գործարարի դեմ քրեական հետաքննության ընթացքի վրա ազդելու փորձի համար:
«Սա քաղաքականություն էր շահույթի համար: Տարիները, որոնց ընթացքում նա իր պաշտոնը վաճառում էր ամենաբարձր գինը վճարողին, վերջապես ավարտվեցին», - լրագրողներին ասել է Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատախազ Դամիան Ուիլյամսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը