Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնում ոստիկանության պաշտոնյաների միջադեպի գործով։ Ըստ փաստաբանի` ամեն ինչ գլխիվայր է շրջվել։
Այսօր Armlur.am-ը հայտնել էր, որ երկու օր առաջ միջադեպ է եղել Կոտայքի մարզում։ Իրավապահները ահազանգ են ստացել, որ Չարենցավանում խնջույքի ժամամակ մարդիկ իրար են ծեծում։
Արդյունքում, իրավապահները գնացել են դեպքի վայր ու սկսվել է իրարանցում։ Խնջույքի մասնակիցները ծեծել են ոստիկանության պաշտոնյաներին. նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել փախուստն ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան` մեքենայից կախված վիճակում, 20 մետր քարշ տալով վարել են մեքենան. իսկ Գառնու ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել, կան մեծ թվով ձերբակալվածներ։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ զրուցեցինք միջադեպի մասին, որը միանգամայն այլ իրականություն ներկայացրեց։
«Ես այս պահին դեռեւս ներկայացնում եմ մեկ անձի շահեր, որը միջադեպին ներկա է եղել եւ ծեծի է ենթարկվել ոստիկանության Աբովյանի բաժնի պետի կողմից։ Ըստ քաղաքացիների հայտնած հանգամանքների` ոստիկանության պաշտոնյաները` առանց համազգեստի, 4-5 ավտոմեքենաներով եկել մոտեցել են քաղաքացիներին, ինչ-որ ահազանգ ունենալով դեպքի կապակցությամբ, իբրեւ թե վիճաբանության նախապատրաստության մասին։ Կրկնում եմ` ոստիկանության տարբեր աշխատակիցներ` առանց համազգեստի, հարձակվել են քաղաքացիների վրա։
Մասնավորապես, սկսել են այդ ընթացքում նաեւ ծեծի ենթարկել, ավտոմատ հրազեն են գործադրել քաղաքացիների վրա։ Ըստ քաղաքացիների՝ ոստիկանապետն է կրակահերթ արձակել` առանց ներկայանալու ու առանց ներկայացնելու` իրենք ովքեր են, եւ քաղաքացիների մեջ տպավորություն է եղել, թե ինչ-որ խմբավորման կողմից հարձակման են ենթարկվում։
Ակնհայտորեն, վիճաբանության ժամանակ ոստիկանների կողմից դաժան ու բիրտ ծեծի են ենթարկվել քաղաքացիները, սակայն, սովորույթի համաձայն, բերման են ենթարկել քաղաքացիներին ու արդյունքում քրեական վարույթը նախաձեռնել են քաղաքացիների նկատմամբ ու նրանց են թիրախավորել։
Այսինքն` իրավիճակը միանգամայն այլ կերպ է ներակայացվել»։
Ըստ փաստաբանի` ոստիկանությունը, եթե անգամ օպերատիվ տեղեկություններ էր ստացել, պարտավոր էր ներկայանալ որպես ոստիկանություն` եւ համապատասխան գործողություններ իրականացներ ու բերման ենթարկեր, ոստիկանությունը իրավասու չէր` գնար, ծեծի ենթարկեր, հրազեն գործադրեր անզեն քաղաքացիների նկատմամբ, որոնց մոտ ոչ մի զենք չի եղել, նույնիսկ փայտ չի եղել։
«Ավելին` այն կարծիքին եմ, որ գործի քննությունը չպետք է իրականացվի տարածքային մարմնում, քանի որ քննչական կոմիտեն ու ոստիկանությունը նույն շենքում են, պետք է կենտրոնական ստորաբաժանումները քննեն»։
Մեր այն հարցին, թե, ըստ լուրերի, ոստիկանության Աբովյանի բաժնի պետին 20 մետր մեքենայով քաղաքացիները քարշ են տվել, ի պատասխան` Ասլանյանը ասաց. «Նման բան չի եղել, հակառակը` անգամ դիմումներ են ներակայացվել նախաքննական մարմնին, որ ներկա անձանցից մեկին` 2-րդ կարգի հաշմանդամին, հարվածել է երկու անգամ` մեկ անգամ բռունցքով, իսկ մյուսը ավտոմատի խզակոթով։
Ամեն ինչ գլխիվայր է շրջվել ու ոստիկանության անօրինականությունները մեկնաբանվում են հօգուտ ոստիկանության, հետեւաբար պետք է անաչառ քննություն իրականացվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը