Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շաբաթներ առաջ Հայաստանում հարցում էր իրականացվել։ Քաղաքացիներին հարցրել են, թե որոնք են Հայաստանի բարեկամ երկրները, որոնց վրա կարելի է դժվար պահերին հույս դնել և որոնք՝ ոչ բարեկամ։
Ըստ հարցման՝ բարեկամ երկրներից ամենաբարձ ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78.1 տոկոս, 12 տոկոսը չեզոք է Ֆրանսիայի նկատմամբ և 8.8 տոկոսը՝ Ֆրանսիային համարում է ոչ բարեկամ։ Ֆրանսիային հետևում է Հնդկաստանը՝ ևս բարձր ցուցանիշով՝ 68.5 տոկոս, Իրանը՝ 58.7 տոկոս։ 41 տոկոսը պատասխանել է՝ ԱՄՆ, 38 տոկոսը՝ Չինաստան, 34 տոկոսը՝ Վրաստան, 32 տոկոսը՝ Գերմանիա, 29.7 տոկոսը՝ Ռուսաստան։
Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, Հայաստանում, փաստորեն, Ռուսաստանը որպես բարեկամ երկիր ամենավերջին տեղում է։ Հայաստանի հանրությունը, փաստորեն, կարծում է, որ 44-րյա պատերազմում Հայաստանին զենք մատակարարող միակ երկիրը՝ Ռուսաստանը, առավել պակաս բարեկամ երկիր է, քան Վրաաստանը, որ փակել էր իր ճանապարհները Հայաստան զենք-զինամաթերք, անգամ ռազմաբժշկական պարագաներ ներկրելու համար, փոխարենը իր օդային սահմանը բաց էր պահում թշնամական Ադրբեջանի ռազմական մատակարարումների համար։
Այս պատկերն ունենք մենք մի դեպքում, երբ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «Կովկասյան Բարոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների համաձայն՝ 2013 թվականին Հայաստանի բանակչության 82 տոկոսն էր համարում, որ Ռուսաստանը բարեկամ երկիր է։
Շատերին կարող է հետաքրքրել, թե ինչպես է այս պատկերը փոխվել։ Ոմանք կարող են ասել՝ պատկերը փոխել է 44-օրյա պատերազմի հետևանքները, բայց դա կլինի կիսաճշմարտություն։ Այո՛, պատերազմը որոշակի օբյեկտիվ ազդեցություն, վստահաբար, ունեցել է հանրային տրամադրությունների վրա, բայց դա չէր կարող կարդինալ փոխել իրականությունը։
Պարադոքսալ է, բայց փաստ, որ Հայաստանը եզակի հակառուսական հանրային տրամադրություններ ունեցող երկիրն է, որը գոնե տնտեսական առումով մեծամասամբ պարտական է ռուսական շուկայի ընձեռած հնարավորություններին։ Հայաստանի տնտեսության մեծ մասը, գյուղատնտեսության մասով 80 տոկոսն ու ավելին գոյություն ունեն ի հաշիվ Ռուսաստանի ընձեռած տնտեսական հնարավորությունների։
Ո՞րն է հակառուսականության աղբյուրը
Հիմա հարց է առաջանում, թե որտեղի՞ց այս մակարդակի հակառուսականություն մի երկրում, որը կոպիտ ասած՝ ապրում է Ռուսաստանի հաշվին։ Պատասխանը շատ պարզ է, քանի որ անգամ սառնարանը բացելիս լսում ես հակառուսական քարոզչություն։ Իշխանությունները, նրանց սատելիտները, արևմտյան գործակալներն ու լրատվամիջոցները լծված են հակառուսականության բորբոքման գործին։ Քարոզչական հնարքներն արդեն աբսուրդի են հասել։ Աբսուրդն այնքան հեռու է գանցել, որ իշխանամետ քարոզիչներն իրենց թույլ են տալիս հայտարարել, թե Հայոց ցեղասպանությունը արել են ոչ թե թուրքերը, այլ՝ ռուսները։
Եթե պատերազմից հետո սկզբնական փուլում իշխանություններն իրենց դեմքով չէին մասնակցում հակառուսական քարոզչական արշավին, ապա վերջին երկու տարիներին իշխանության ամենաբարձրագույն դեմքերն անձամբ հակառուսական քարոզչությամբ են զբաղված։
Այս ամենն, իհարկե, չէր կարող նման հետևանք չթողնել, ու հիմա բնական է, որ հայ հանրության մեջ կա հիստերիայի հասնող հակառուսականություն։ Ինչպես արդեն նկատեցինք, աբսուրդը հասել է այնտեղ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի վրա ճանապարհ փակող և Ադրբեջանի համար ճանապարհը բաց պահող Վրաստանն առավել բարեկամական է համարվում, քան այդ ընթացքում Հայաստանին զենք մատակարարող միակ երկիր Ռուսաստանը։
Հակառուսականությունը բնական չէ և վճարովի է
Արդեն հասկանալի է, որ Հայաստանում հակառուսականությունը կա, քանի որ դրա համար կա վճարող Արևմուտք։ Այս հիստերիայի համար ծախսվում են տասնյակ միլիոն դոլարներ, ու բնական է, որ իրենց ազդեցությունը պետք է ունենան։ Բայց մի բան ակնհայտ է հակառուսական այս հիստերիան բնական չէ և մեկ օրում կվերանա, եթե դադարեն դրա համար վճարել խոսացող գլուխներին։
Մեկ վառ օրինակը, կարծում ենք բավարար է հասկանալու համար, որ հակառուս աշխատողներն իրականում առաջնորդվում են փողին մունաթ սկզբունքով, և հենց փողը դադարեց գալ, պատվերը կատարող չենք գտնի։
Հիմա հակառուսականության գլխավոր դրոշակակիր Արամ Զավենի Սարգսյանը տարիներ առաջ, երբ դեռ չէր գնացել ԱՄՆ ուսանելու և ըստ այդմ՝ համապատասխան պատվերը չէր ստացել, լրիվ այլ պատկերացումներ ուներ հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Արամ Սարգսյանը 2001 թվականին Սյունիքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե դեմ է օրվա իշխանությունների վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը։ Նա հայտարարել էր, թե Հայաստանին տեսնում է միայն ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության կազմում։ «Մեր հայ-թուրքական սահմանը 50 տոկոս ռուսական բանակն է պահում։ Վերջիվերջո, կարող է հասնել մի այնպիսի պահ, որ ասեն՝ վերցնում ենք մեր բանակը, դուրս գանք։ Արեք-պահե՛ք։ Ինչո՞վ ենք պահելու»,-բարկացած հարցնում էր Արամ Սարգսյանը։
Զավենիչը կոմպլեմենտարությանը խիստ դեմ էր, այն պարագայում, երբ անգամ Ռուսաստանն էր այդ ժամանակ դրան կողմ, ասել է՝ պապից ավելի կաթոլիկ էր խաղում։
Ահա այսպիսին են մեր երկրում հակառուս աշխատողները։ Նրանք այդպիսին են, քանի դեռ դրա համար վճարում են։ Իսկ երբ Հայաստանում իշխանություն փոխվի և նրանք հնարավորություն չունենան Հայաստանի պետական շահերի հաշվին փող աշխատել, շատ արագ կդադարի այս հիստերիան։ Իսկ որոշ դեպքերում Զավենիչի տիպի հակառուսներին կարող ենք տեսնել Դոնբասի պատերազմում, որպես կամավոր:
Հարցեր կա՞ն
Ոմանց կարող է թվալ, թե հակառուսականությանը դեմ խոսելով՝ մենք պնդում ենք, թե այդ հարաբերություններում հարցեր չկան։ Ո՛չ և, վստահաբար, ո՛չ։ Հայ-ռուսական հարաբերություններում հարցեր կան, ինչպես հարցեր կան ցանկացած երկու պետությունների հարաբերություններում, ու սա բնական է։ Ամեն երկիր առաջնորդվում է իր շահերով, և հարցերի քննարկումներն օգնում են գտնել ճանապարհ այդ շահերի համադրման համար։ Բայց հարցեր ունենալն ու հակառուսական թշնամանք տարածելը կարդինալ տարբեր բաներ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը