08 07 2024

Պայթած բենզալցակայանը կապարակնքված էր, իսկ գազալցակայանը պետք է նոր փորձաքննություն անցներ. Hetq.am

Պայթած բենզալցակայանը կապարակնքված էր, իսկ գազալցակայանը պետք է նոր փորձաքննություն անցներ. Hetq.am

«Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող եւ Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող լցակայանը, որտեղ պայթյուն տեղի ունեցավ հունիսի 6-ի գիշերը, միջադեպից առաջ՝ ամիսներ շարունակ, տեխնիկական անվտանգության լուրջ խնդիրներ է ունեցել: Այս մասին հայտնում է Hetq.am-ը:

«Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը «Հետքին» հայտնել է, որ առաջին անգամ իր ղեկավարած կառույցն այս լցակայանում ստուգում է իրականացրել 2023 թ. մարտի 2-ին:

Հիշեցնենք, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թ. դեկտեմբերին: Ընկերությունը, ինչպես տեղեկանում ենք դրա ֆեյսբուքյան էջից, մի քանի լցակայաններ ունի Երեւանում եւ մարզերում:

Այսպիսով՝ 2023-ի մարտին Երեւան-Սեւան մայրուղու Արզնու տրանսպորտային հանգույցի հարեւանությամբ գտնվող լցակայանում (հասցեն՝ գյուղ Արզնի, Երեւան-Սեւան մայրուղի 6/1) հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Նկատենք, որ սա գազա-բենզալցակայան է, որտեղ վաճառվում էր հեղուկ գազ եւ բենզին:

Գազալցակայաններն ու բենզալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ), որոնք ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության, առանց որի դրական եզրակացության չի թույլատրվում դրանց շահագործումը: Սակայն տեսչական մարմնին 2023-ի մարտին չեն ներկայացվել «Գազ օիլ» ՍՊԸ-ի նշված գազալցակայանի ու բենզալցակայանի փորձաքննության դրական եզրակացությունները, ինչի հիման վրա էլ դրանց գործունեությունը կասեցվել էր, իսկ ընկերությունը տուգանվել էր 2 մլն դրամով:

2023-ի ապրիլին ՍՊԸ-ն տեսչական մարմնին է ներկայացրել փորձաքննության դրական եզրակացություն գազալցակայանի մասով, իսկ բենզալցակայանի մասով վերահսկող մարմինը որեւէ փաստաթուղթ չի ստացել: Այսինքն՝ 2023-ի ապրիլից գազալցակայանն ուներ շահագործվելու իրավունք մեկ տարի ժամկետով (քանի դեռ դրական եզրակացությունն ուժի մեջ էր):

2023-ի հոկտեմբերին տեսչական մարմինը կրկին վերահսկողություն է իրականացրել «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազա-բենզալցակայանում: Պարզվել է, որ գարնանը հայտնաբերված 7 խախտումներից 5-ը վերացվել են, իսկ մնացած 2-ի վերացման համար վերահսկողն ընկերությանը տվել է 1 ամիս ժամկետ: Դեկտեմբերին տեսչական մարմինը հերթական անգամ այցելել է գազա-բենզալցակայան ու պարզել, որ վերացվել է մնացած երկու խախտումներից միայն մեկը:

Միաժամանակ պարզվել է, որ բենզալցակայանը, չնայած գարնանը տեսչական մարմնի կասեցմանը, շարունակում է շահագործվել՝ առանց իրավունքի: 2024 թ. հունվարի 30-ին պետական կառույցի ներկայացուցիչները կրկին վերահսկողություն են իրականացրել նույն հասցեում՝ բենզալցակայանի շահագործումն արգելող կարգադրագրի պահանջների կատարումը ստուգելու համար եւ պարզել, որ բենզալցակայանը նորից շահագործվում է՝ առանց համապատասխան թույլտվության: Սրա վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք 2 մլն դրամի չափով։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը փետրվարի 19-ին կապարակնքել է բենզալցակայանը: Գազալցակայանը շարունակել է աշխատել:

Բենզալցակայանի փորձաքննության դրական եզրակացությունը պահանջված փաստաթուղթը չի եղել:

Մարտի 21-ին «Գազ օիլ» ՍՊԸ-ն դիմել է տեսչական մարմնին՝ բենզալցակայանի աշխատանքները թույլատրելու համար: Այդ նպատակով ընկերությունը ներկայացրել է արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի դրական փորձաքննության եզրակացություն, որը փետրվարի 28-ին տրվել է փորձաքննություն իրականացրած մասնավոր ընկերության՝ «Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը սահմանում է, որ տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաեւ Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված եւ լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը: Նախկինում լիազոր մարմինը ԱԻՆ-ն էր, ներկայում՝ ՆԳՆ-ն: Փորձագիտական եզրակացությունը կազմվում եւ հաստատվում է երեք օրինակից. մեկը ներկայացվում է լիազոր մարմնին, երկրորդը հանձնվում է ԱՎՕ շահագործող անձին, իսկ երրորդ օրինակը պահվում է փորձագիտական կազմակերպությունում:

Օրենքը նաեւ նշում է, որ փորձաքննությունն իրականացվում է 3 փուլում՝ նախագծային փաստաթղթերի նկատմամբ (մինչև դրանց հաստատումը), գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ (մինչև գործարկումը կամ վերագործարկումը) եւ շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ (ԱՎՕ-ների ռեեստրում դրանց գրանցվելուց հետո):

Ինչպես ասվեց, մարտի 21-ին «Գազ օիլ» ՍՊԸ-ն տեսչական մարմնին է ներկայացրել նախագծային փաստաթղթերի դրական փորձաքննության եզրակացություն, սակայն վերահսկող կառույցը բացասական պատասխան է տվել բենզալցակայանի հետագա շահագործման վերաբերյալ՝ պահանջելով, որ ընկերությունը ներկայացնի շահագործվող ԱՎՕ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն: Այսինքն՝ մինչեւ երրորդ փուլի փորձաքննության դրական եզրակացությունը չլիներ, բենզալցակայանն էլ գրանցված չլիներ ԱՎՕ-ների ռեեստրում, որը վարում է ՆԳՆ-ն, այն չէր կարող շահագործվել:

Ստացվում է, որ մինչեւ հունիսի 6-ի պայթունը բենզալցակայանն այդպես էլ չի ստացել շահագործման թույլտվություն: Միաժամանակ տեսչական մարմնից «Հետքին» հայտնել են, որ փետրվարի 19-ին բենզալցակայանի կապարակնքումից հետո իրենք չեն արձանագրել դրա շահագործման փաստ։

Ինչ վերաբերում է գազալցակայանին, ապա դրա նախորդ փորձաքննության (2023-ի ապրիլին արված) դրական եզրակացության ժամկետն ավարտվել է այս տարվա ապրիլի 7-ին: Օրենքը սահմանում է, որ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Այնինչ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը «Հետքին» փոխանցել է, որ գազալցակայանի մասով ԱՎՕ նոր փորձաքննության վերաբերյալ փաստաթղթեր տեսչական մարմինն ապրիլի 7-ից հետո չի ստացել:

Հունիսի 7-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալների համաձայն՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազա-բենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի (37 տ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Ըստ այդմ՝ գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) եւ 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Այսինքն՝ ընդհանուր այրվել է վառելիքի 5 ցիստեռնի պարունակություն:

Պայթյունի եւ հրդեհի հետեւանքով հոսպիտալացվել էր 7 քաղաքացի, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ