Երևանում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել. ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 04:10-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայան և հանգստի սենյակում ատրճանակի նմանվող առարկայի, դանակի և էլեկտրահարող սարքի սպառնալիքով աշխատակցից՝ 34-ամյա Արսեն Շ.-ից, հափշտակել այնտեղ եղած գումարը, մի քանի բջջային հեռախոսներ և համակարգիչը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դիմակավորվածներն իրենց սև գործն անելուց հետո Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված բենզալցակայանում հափշտակության ժամանակ դանակից պաշտպանվելիս վնասվել է լիցքավորող, Երևանի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Մ.-ի ձախ ձեռքի ափի շրջանը: Քննիչի որոշմամբ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը