05 07 2024

Պայքարը հենց դրա համար է՝ թույլ չտալ, որ պետության վերջնական քայքայումը տեղի ունենա. Բագրատ սրբազան

Պայքարը հենց դրա համար է՝ թույլ չտալ, որ պետության վերջնական քայքայումը տեղի ունենա. Բագրատ սրբազան

«Մենք խոսում ենք օրենքի, օրենքի ուժի մասին՝ շատ հաճախ մոռանալով խոսել նաև իրավունքի ուժի մասին․ իրավունքի՝ ընկալվող ոչ թե 21-րդ դարի տերմինաբանությամբ, այլ Աստվածաշնչյան իրավունքի մասին, այսինքն՝ ճշմարտության մասին»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

Նա ընդգծեց՝ յուրաքանչյուր օրենք պետք է զուգադրված լինի ճշմարտությանը․

«Եթե դրանք պարզապես օրենքներ են, ապա մեռած տառեր են։ Սուրբ գիրքը հենց դրա մասին է խոսում՝ Արդարությունը և իրավունքը, այսինքն՝ Ճշմարտությունը, համբուրվեցին՝ հանդիպեցին։ Ամբողջ հասարակական կյանքի հիմնադրույթը այս երկու արժեքներն են, բայց սրանցից երկուսն էլ մեր երկրում այսօր չեն գործում։ Բոլոր ժամանակներում օրենքները սահմանվել են, որպեսզի բարենպաստ լինեն ժողովրդին ծառայության համար, այդ ժողովրդի՝ պաշտպանված լինելու համար, ոչ թե հակառտակը․ իշխանություններին չէ, որ պաշտպանում են։

Ճշմարտությունը ևս ոտնահարված է, ոչ միայն ոտնահարված, այլև գոյություն չունեցող։ Մենք ապրում ենք ստի մեջ՝ անօրինության մեջ և ստի մեջ, որը մարդկանց կյանքը դարձնում է անտանելի, բայց նաև օրինակ է դառնում, որ մարդիկ սկսեն դրան հարմարվելով՝ ապրել։ Դա բերում է երկրի ու պետության քայքայման, որի առջև մենք այսօր կանգնած ենք»,- ասաց Սրբազանը։

Նա նշեց՝ պայքարը հենց դրա համար է՝ թույլ չտալ, որ պետության վերջնական քայքայումը տեղի ունենա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ