14 11 2024

ՀՀ իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան

ՀՀ իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան

 

Հայաստանի այսպես կոչված իշխանությունների օրակարգում արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը չկա, իսկ Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում Հայաստանի իշխանություն կոչվածները պարզապես խոչընդոտ են հանդիսանում։ Այդ մասին իր վերջին հարցազրույցում ասաց Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Արցախցիների վերադարձի հարցը միջազգային օրակարգում է, աշխարհի գրեթե բոլոր կողմերից դա տարբեր ասպեկտներով արծարծվել է։ Վերադարձը պետք է տեղի ունենա իրական բանակցությունների միջոցով, իսկ այսօր բանակցություններ գոյություն չունեն։ Այս  բոլորի համատեքստում միակ խոչընդոտը, միակ չպահանջողը Հայաստանի իշխանություն կոչվածն է՝ ամեն գնով բացառելով դա, հեռացնելով ցանկացած օրակարգից»,- ասաց  Սրբազանը՝ որպես  վառ օրինակ ներկայացնելով իշխող ՔՊ-ի կողմից «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հայտարարության ընդունումը խորհրդարանում տապալելու փաստը։

«Խորհրդարանում, երբ խոսում էին մեր բոլոր գերիների պահվող անձանց, ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության  վերադարձի մասին, ի՞նչ տեղի ունեցավ․ մերժվեց։ Հարց չի առաջանու՞մ՝ ինչու՞ մերժվեց»,- ասաց Սրբազանը։

Նա նշեց նաև՝ միջազգային տարբեր ատյաններում, տարբեր մակարդակի հանդիպումներում ու քննարկումներում, երբ Հայաստանի ու Արցախի տարբեր ներկայացուցիչներ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը, նրանց, ի պատասխան, մեկ այլ հարց է ուղղվում՝ իսկ ու՞ր է ՀՀ իշխանությունը։

«ՀՀ այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու միակ խոչընդոտը՝ վերադարձի հարցում։ Եվ շատ բնական է, երբ մարդիկ բանակցում են, խոսում են տարբեր ատյաններում, նրանց հարցնում են՝ ու՞ր է ՀՀ իշխանությունը։ Այսինքն, ՀՀ իշխանությունն ինքը պետք է լինի դրոշակակիրը այս հարցի, բայց ամեն ինչից հրաժարվում են»,- ասաց Սրբազանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ