Հուլիսի 1-ի գիշերը, ժամը 01։31-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Խորենացու փողոցում գործող հոսթելի սեփականատերը և հայտնել, որ իրենց հաճախորդին անհայտ ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել, գողացել բջջային հեռախոսը և գումարը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նշված հյուրատանն իջևանած 45-ամյա օտարերկրացին հայտնել է, որ կեսգիշերն անց անծանոթ հեռախոսահամարից զանգել և խնդրել են, որ իր երկու ծանոթներին հոսթելում գիշերակաց տրամադրի: Ինքը դիմավորելու նպատակով դուրս գալով հոսթելից՝ հանդիպել է երկու անծանոթի, որոնք երկաթյա ձողերով հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա գրպանից հափշտակել են բջջային հեռախոսը, անձնագիրը և 300 դոլար:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 45-ամյա տղամարդուն զանգահարել է Արցախի փողոցի հոսթելում բնակվող 26-ամյա մեկ այլ օտարերկրացի, իսկ մարմնական վնասվածք պատճառել և հեռախոսն ու փողը հափշտակել են նրա համերկրացի 25 և 28 տարեկան երկու երիտասարդ:
Հետագա միջոցառումներով 26-ամյա երիտասարդը ժամը 06։00-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ավազակությանն օժանդակելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Ժամը 07։10-ին «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, Կենտրոնականի բաժին են տեղափոխվել նաև 25 և 28 տարեկան երկու երիտասարդները:
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը