27 06 2024

Հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում

Հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում

Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին։ հայտնում են մայր Աթոեռի տեղեկատվական կենտրոնից:

Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը Հայոց Հովվապետին ներկայացրեց Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից Մայր Աթոռում մեկտեղված հոգևորականներին, անդրադարձավ վերապատրաստման դասընթացների արդյունավետությանը։

Այնուհետև հոգևոր հայրերին ողջունեց և իր հայրական օրհնությունը բերեց Նորին Սրբությունը՝ ընդգծելով դասընթացների կարևորությունն ու օգտակարությունը հովվական ծառայության առավել արդյունավորման համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս դասընթացները պատեհ առիթ նկատեց նաև հաղորդ դառնալու հայրենիքում առկա դժվարություններին և միասնաբար խորհրդածելու ազգային կյանքը հուզող խնդիրների շուրջ։ Նորին Սրբությունը մասնավորաբար մտահոգություն արտահայտեց երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, արցախահայերի սոցիալական խնդիրների և ազգային կյանքում անհանդուրժողության ու թշնամանքի վտանգավոր դրսևորումների առնչությամբ։ Հայոց Հայրապետը հորդորեց քահանա հայրերին իրենց պատասխանատվության ներքո գտնվող համայնքների ներգրավմամբ լծվել առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, հայրենիքի զորացման և շենացման գործին։

Իր գնահատանքը բերելով եկեղեցականներին` Հայոց Հովվապետը գոհունակությամբ հաստատեց, որ հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունը նաև պատասխանեց քահանաների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ