11 06 2024

Սուրեն Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել»․ Hetq.am

Սուրեն Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել»․ Hetq.am

Hetq.am-ը գրում է․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) այդպես էլ չի կարողացել որոշում կայացնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ՝ Արմինե Մուրադյանի վերաբերյալ, որը չէր հայտարարագրել հարսանիքի ժամանակ ստացած մեծ գումարները իր եկամուտների շարքում: Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել» հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի դիրքորոշման արդյունքում:

2021-ի նոյեմբերին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Ս. Պապիկյանն ամուսնացել է 2022 թ. հունվարին, եւ նրա կինը՝ Արմինե Մուրադյանը, որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, պարտավոր է գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիր ներկայացնել (2019-2021 թթ. էլ Մուրադյանը հայտարարատու անձ է եղել, քանի որ զբաղեցնում էր ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ ՏԿԵ նախարարն այդ ժամանակ հենց Ս. Պապիկյանն էր):

2023-ի մայիսին Ա. Մուրադյանը ԿԿՀ-ին է ներկայացրել 2022 թ. տարեկան հայտարարագիր, որտեղ, սակայն, «եկամուտներ» բաժնում չի նշել հարսանիքի ժամանակ կանխիկ գումարի տեսքով ստացած նվիրատվությունները:

Ամուսիններն իրենց տարեկան հայտարարագրերը ներկայացրել են նույն օրը, բայց ի տարբերություն կնոջ՝ Ս. Պապիկյանը որպես եկամուտ ներկայացրել է գումարի տեսքով ստացած նվերները՝ 13.400 եվրո, 22.000 դոլար եւ 19.750.000 դրամ:

Պապիկյանի ստացած խոշոր նվերների մասին 2023-ի ամռանը գրել էր yerkir.am-ը: ԿԿՀ-ն էլ լրատվամիջոցի հարցմանը պատասխանել էր, որ նախարարի ստացած «դրամական միջոցները հանդիսանում են վերջինիս հարսանեկան արարողության ընթացքում ստացված նվիրատվություններ»: Հանձնաժողովը նաեւ նկատել էր, որ «նվիրատվության կարգով ստացված գույքը եւ դրամական միջոցները հանդիսանում են օրինական եկամուտ»:

Yerkir.am-ն իր հերթին ուշադրություն էր հրավիրել նրա վրա, որ 1 մլն դրամը գերազանցող միանվագ նվիրատվությունը պետք է ընդունվի անկախնիկ ձեւով, այլապես համարվում է անօրինական եկամուտ. «Կուզենայինք իմանալ՝ արդյո՞ք դա արվել է Պապիկյանի հարսանիքի դեպքում, եթե այո, ապա ինչպե՞ս: Օրինակ՝ թամադան բոլոր հյուրերին հայտարարել է հաշվեհամար եւ կոչ արել բոլորին, ում նվիրատվությունը 1 մլն դրամից ավելին է, փոխանցի հաշվեհամարի՞ն»: Բացի դրանից՝ լրատվամիջոցը շեշտել էր օրենքի պահանջը, ըստ որի՝ 2 մլն դրամը գերազանցող ծախսերը ենթակա են հայտարարագրման, բայց, ինչպես տեսնում ենք Պապիկյանի հայտարարագրում, նա չի ներկայացրել 2022 թ. իր հարսանիքի ծախսերը: Մեր կողմից հավելենք, որ 2022 թ. 2 մլն դրամը գերազանցող որեւէ ծախս չի հայտարարագրել Արմինե Մուրադյանը: Հաջորդ հոդվածում yerkir.am-ը ներկայացրել էր ԿԿՀ այն ժամանակվա նախագահ Հայկուհի Հարությունյանի պատասխանն առ այն, որ բարձրացված հարցերին հանձնաժողովը կարող է պատասխանել օրենքով սահմանված ստուգում եւ վերլուծություն իրականացնելուց հետո:

Լրատվամիջոցի այս հրապարակումների հիման վրա ԿԿՀ-ն իրականացրել է Արմինե Մուրադյանի 2022 թ. տարեկան հայտարարագրի վերլուծություն ու պարզել, որ նա որպես եկամուտ չի ներկայացրել հարսանեկան միջոցառումից ստացած հետեւյալ գումարները՝ 2.100.000 դրամ, 17.700 դոլար, 2.000 եվրո: Դրանից հետո հանձնաժողովը Մուրադյանի կողմից առերեւույթ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը սահմանում է, որ եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում ԿԿՀ-ն գալիս է հետեւության, որ կատարված արարքում առկա են հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու առերեւույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերն ուղարկում է Գլխավոր դատախազություն: Բայց ԿԿՀ-ն գտել է, որ Ս. Պապիկյանի կինը հարսանիքի ժամանակ ստացած իր եկամուտները չի թաքցրել (այսինքն՝ չհայտարարագրելու փաստը չի պայմանավորել թաքցնելու միտում ունենալով), ու գործը շարունակել է քննել վարչական իրավախախտման տիրույթում:

 

Վարույթի շրջանակներում Ա. Մուրադյանը ներկայացրել է պարզաբանում: Դրան կից նախարարի կինը ներկայացրել է իր բանկային հաշիվների քաղվածքները, որոնց համաձայն՝ 2022-ի դեկտեմբերին (հարսանիքից 11 ամիս անց) նա իր հաշիվներին փոխանցել է 2.100.000 դրամ եւ 17.700 դոլար, այսինքն՝ հարսանիքին ստացած նվեր-գումարների մի մասը: Մուրադյանը բանկին ներկայացրել է այդ գումարների ծագման աղբյուրի մասին ինֆորմացիա, ըստ որի՝ մուտքագրվող ֆինանսական միջոցները ստացել է իր հարսանիքին մասնակից 490 հյուրերից, եւ մեկ հոգու կողմից տրված կանխիկ գումարի չափը չի գերազանցել 150.000 դրամը:

2022 թ. հայտարարագրում Արմինե Մուրադյանը այս գումարները չի ներկայացրել որպես եկամուտ, բայց բանկում ունեցած դրամական միջոցների ենթաբաժնում երեւում է, որ նախարարի կնոջ անկանխիկ գումարները տարեսկզբի համեմատ տարեվերջին աճել են հարսանիքին ստացած նվերների չափով կամ մի փոքր ավելի:

Ինչ վերաբերում է 2.000 եվրո նվերին, ապա Մուրադյանն այն հայտարարագրել է որպես կանխիկ գումար: Այլ կերպ ասած՝ Պապիկյանի կնոջ հայտարարագրի «դրամական միջոցներ» բաժնում երեւում են հարսանիքին ստացած գումարները, սակայն եկամուտների մեջ այդ տվյալները բացակայում են:

ԿԿՀ-ն, սակայն, արձանագրել է, որ «եկամուտներ» բաժնում պարտադիր հայտարարագրման ենթակա են հաշվետու տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտների տվյալները՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք հայտարարագրված են մեկ այլ բաժնում: Հանձնաժողովը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված է վարչական պատասխանատվություն այն դեպքում, երբ հայտարարատու անձը անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ է ներկայացրել:

Մուրադյանի ներկայացուցիչը ԿԿՀ-ին հայտնել է, թե նա ընդունում է, որ եկամուտների մեջ տվյալները լրացված չեն, բայց հավելել է, թե հանձնաժողովի ծանուցումն ու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը անակնկալ են եղել նախարարի կնոջ համար, քանի որ վերջինս վստահ է եղել, որ եկամուտները լրացրել է ամբողջությամբ, իսկ լրացված չլինելը (չպահպանվելը) զուտ տեխնիկական խնդրի հետեւանք է: Ներկայացուցիչն առաջարկել է Ա. Մուրադյանի վարչական պատասխանատվության հարցը քննարկելիս հաշվի առնել նրա մեղքի բացակայության վերաբերյալ պնդումները:

ԿԿՀ անդամներից երկուսը գտել են, որ Պապիկյանի կինը պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի

 

Այդուհանդերձ, ԿԿՀ անդամ, հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը նշել է, որ օրենքով հայտարարագրման ենթակա ցանկացած տվյալի չհայտարարագրումն ինքնին զանցանք է: Գալստյանը շեշտել է, որ արարքը չի կարող որակվել նվազ նշանակության, քանի որ 2022 թ. Ա. Մուրադյանի եկամուտների գերակշիռ մասը գոյացել է հենց հարսանիքի ժամանակ ստացած նվեր-գումարներից, իսկ դրանց տվյալները վերահսկելի չեն եւ դուրս են ԿԿՀ-ի տեսադաշտից ու որեւէ կերպ ստուգման ենթակա չեն: Հանձնաժողովի անդամը նկատել է, որ այդ տվյալները անձի կողմից անձամբ եւ ինքնուրույն լրացվող տվյալներ են, այլ ոչ թե այլ համակարգերից ներբեռնվող (օրինակ՝ Կադաստրի պետական կոմիտեից, ՊԵԿ-ից, Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունից), հետեւաբար եթե դրանք իսկապես լրացվել են, ապա չէին կարող չպահպանվել, ավելին՝ 2022-ին Մուրադյանի ստացած եկամտի այլ տվյալներ (այդ թվում՝ աշխատավարձ, վարձակալության վճար) ներկայացվել ու պահպանվել են:

Ըստ Գալստյանի՝ բոլոր այն դեպքերում, երբ ԿԿՀ-ին չեն ներկայացվել տվյալների արժանահավատությունը հավաստող ապացույցներ, ու տվյալները հիմնված են միայն հայտարարությունների եւ ԿԿՀ-ին ոչ հասանելի ստուգման ենթակա փաստաթղթավորված ապացույցների վրա, հանձնաժողովը չի կարող նվազ նշանակության որակել առերեւույթ իրավախախտումը՝ չունենալով տվյալների արժանահավատությունը ստուգելու գործիքակազմ: Մարիամ Գալստյանն ու ԿԿՀ մեկ այլ անդամ՝ Լիլիթ Ալեքսանյանը, նաեւ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ Արմինե Մուրադյանը կանխիկով ստացած նվեր-գումարները միայն 11 ամիս անց է մուտքագրել իր բանկային հաշիվներին (ի տարբերություն կնոջ՝ Սուրեն Պապիկյանը իր ստացած նվիրատվությունները հարսանիքից մի քանի օր անց է փոխանցել բանկային հաշիվներին): Սրա վերաբերյալ Մուրադյանը պարզաբանում չի ներկայացրել:

Այլ կերպ ասած՝ քանի որ ԿԿՀ-ն չունի կանխիկով ստացած գումարների չափը պարզելու հնարավորություն, եւ ամեն ինչ մնում է հայտարարատու անձի բարեխղճությանը, հնարավոր չէ ասել, թե արդյոք հարսանիքի նվեր-գումարների ընդհանուր չափը իսկապես եղել է հենց այնքան, որքան որ բանկ է մուտքագրվել հարսանիքից 11 ամիս անց (տրամաբանորեն կա ռիսկ, որ այդ ընթացքում կանխիկ միջոցների մի մասը ծախսվել է՝ առանց հայտարարագրում երեւալու):

Հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը կարեւոր դիտարկում է արել՝ նշելով, որ եթե Ա. Մուրադյանի գործով առկա փաստերի պարագայում արարքը որակվի նվազ նշանակության, ապա դա խթան կլինի, որ հայտարարատու անձինք այսուհետ կանխիկ դրամական միջոցներ ստանալիս ամեն անգամ ԿԿՀ-ին պարզաբանումներ ներկայացնեն, թե այդ գումարները ստացել են հարսանեկան կամ այլ միջոցառումից, իսկ այդ եղանակով ստացված եկամուտները կարող են տվյալ անձի տարեկան եկամտի մեծ մասը կազմել, բայց որեւէ կերպ վերահսկելի չեն լինի: Նման պրակտիկայի ձեւավորումը Գալստյանը չափազանց ռիսկային է գնահատել:

 

Ի վերջո, ԿԿՀ անդամներ Մարիամ Գալստյանն ու Լիլիթ Ալեքսանյանը եզրահանգել են, որ գոյություն ունեն Արմինե Մուրադյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքեր, ու նրա արարքը չի կարող որակվել որպես նվազ կարեւորություն ունեցող:

ԿԿՀ անդամ Փաշինյանի կարծիքով՝ տուգանելու փոխարեն պետք է խրախուսել, որ փոխվի վարքագիծը

Բայց ահա ԿԿՀ երրորդ անդամը՝ Արամայիս Փաշինյանը, առաջին երկուսից տարբերվող դիրքորոշում է ներկայացրել:

Նա նախ նշել է, թե կասկածից վեր է, որ կանխիկ դրամով պահվող խնայողություններն ու կանխիկ գործարքները, այդ թվում՝ նվիրատվությունները, ռիսկեր են պարունակում, որոնք պետք է հնարավորինս նվազեցնել: Այդ տեսանկյունից, ըստ Փաշինյանի, որեւէ նշանակություն չունի, թե հայտարարագրի որ բաժնում են ներկայացվել հարսանեկան նվերները:

Ըստ Ա. Փաշինյանի՝ իրավախախտումը որպես նվազ նշանակություն ունեցող որակելիս անհրաժեշտ է գնահատել կանխիկ գործարքների ռիսկայնությունն ու հայտարարատու անձի վարքագիծը: ԿԿՀ անդամը հիշեցրել է, որ վարույթի շրջանակներում Արմինե Մուրադյանն ու Սուրեն Պապիկյանը ներկայացրել են պարզաբանումներ հարսանիքի հյուրերի թվի, տարբեր արժույթներով ստացված նվիրատվությունների, կատարված հիմնական ծախսերի բնույթի եւ գումարների, ինչպես նաեւ ստացված նվիրատվությունների շարժերի վերաբերյալ, ինչի հիման վրա հանձնաժողովը եզրահանգել է, որ եկամուտներն անօրինական չեն: Փաշինյանը կարեւորել է նաեւ, որ ամուսիններն իրենց ստացած գումար-նվերները մուտքագրել են բանկային հաշիվներին՝ ապահովելով դրանց շարժի վերահսկելիությունը: Ըստ նրա՝ Ա. Մուրադյանն ի գիտություն է ընդունել ԿԿՀ-ի առաջարկը՝ դրամական միջոցները տնօրինել անկանխիկ եղանակով:

Արամայիս Փաշինյանն այսպիսի հարց է առաջ քաշել. կանխիկ եղանակով ստացած նվերները հայտարարագրի այլ բաժնում ներկայացնելու վարքագիծը փոխելու ո՞ր մեխանիզմն է ավելի արդյունավետ՝ տուգանե՞լը, թե՞ կանխիկ միջոցները անկանխիկի վերածելուն խրախուսելը: Փաշինյանի համոզմամբ՝ «ակնհայտ է, որ տույժի կիրառումն ինքնին չի կարող կանխիկ գործարքների եւ կանխիկ եղանակով պահվող դրամական միջոցների հետ կապված ռիսկերը չեզոքացնել, իսկ որոշ դեպքերում, ընդհակառակը՝ կարող է հանգեցնել չհայտարարագրվող (ստվերային) եկամուտների եւ ծախսերի ավելացմանը»: Փախարենը, ըստ նրա, կանխիկ նվիրատվությունների վերաբերյալ մանրամասն պարզաբանումների եւ կանխիկ դրամական միջոցներն անկանխիկի վերածելուն միտված խրախուսական արդյունավետ մեխանիզմների կիրառումը կարող է հանգեցնել վարքագծային փոփոխության:

 

Բայց այդպես էլ անհասկանալի է մնում, թե կոնկրետ ինչ խրախուսական արդյունավետ մեխանիզմների մասին է խոսում Փաշինյանը՝ չտուգանել ու բավարարվել պարզաբանել-առաջարկելո՞վ (հայտարարատուն էլ կասի՝ ի գիտություն ընդունեցի), իսկ հետո՞: Տեսականորեն գեղեցիկ միտք է՝ չտուգանենք, փոխարենը նպաստենք վարքագծային փոփոխությանը: Իսկ նման տեսությունը պրակտիկա դարձնելու ուղղությամբ ի՞նչ է արել ԿԿՀ-ն մինչ օրս: Օրինակ՝ ինչու՞ է ԿԿՀ այս անդամը վստահ, որ եթե հայտարարատու անձը խախտում թույլ տալուց հետո չտուգանվի, փոխարենը նրան մոտավորապես ասեն, թե իր կանխիկ խնայողություններն ու գործարքները ռիսկային են (կարծես թե հայտարարատու անձը այդքան բան չի հասկանում), ու ավելի լավ է անկանխիկով գործել, այդ անձը հաջորդ անգամ կամ հետագայում այդպես էլ անելու է: Իսկ ավելի հավանական չէ՞, որ անպատժելիությունը (եթե կարելի է այդպես ասել) խրախուսելու է, որ անձը շարունակի կանխիկով գործելու ռիսկային վարքագիծը: Ըստ էության, ԿԿՀ մյուս երկու անդամները հենց այստեղ են վտանգ տեսել:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ ԿԿՀ-ի եզրակացություններն ու որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ըստ օրենքի՝ ԿԿՀ-ն ունի 5 անդամ, բայց այս պահին փաստացի համալրված է 5 տեղից 3-ը: Ու քանի որ Ա. Փաշինյանը դեմ է եղել Սուրեն Պապիկյանի կնոջը վարչական պատասխանատվության ենթարկելուն, Մ. Գալստյանի ու Լ. Ալեքսանյանի ձայները բավարար չեն եղել որոշում կայացնելու համար: Այդպիսով՝ ԿԿՀ-ն Արմինե Մուրադյանի գործով ապրիլի 9-ին արձանագրել է՝ «որոշում չկայացվեց»:

Ընդգծենք, որ ԿԿՀ-ն Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների ու նրանց ընտանիքի անդամների մասով աչք ծակող կաշկանդվածություն է դրսեւորում, չնայած ներկա իշխանական թիմի անդամները նախկինում առիթը բաց չեն թողել՝ ԿԿՀ այն ժամանակվա ղեկավարին քննադատելու համար: Հիշեցնենք՝ հանձնաժողովն այդպես էլ համարձակություն չունեցավ վարչապետ Փաշինյանի զոքանչի ու պատգամավոր աներորդու վերաբերյալ թեկուզ վարչական վարույթ հարուցել (պատասխանատվության ենթարկելու մասին չենք խոսում)՝ 2022-2023 թթ. մեր հոդվածներից ու հարցադրումներից հետո անընդհատ ժամանակ ձգձգելով:

Ո՞վ է Արամայիս Փաշինյանը

46-ամյա Ա. Փաշինյանը ծնունդով Իջեւանից է, ինչպես եւ վարչապետը, չնայած հայտարարել է, թե իրեն հայտնի ազգակցական կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ: Մասնագիտությամբ հաշվապահ, աուդիտոր է:

Առաջին անգամ 2019-ի նոյեմբերին է դարձել ԿԿՀ անդամ: Այդ ժամանակ հանձնաժողովի անդամության թեկնածուներին առաջադրում էին պետական մարմինները, քվեարկությամբ նշանակում էր ԱԺ-ն: Փաշինյանին առաջադրել էր ԲԴԽ-ն: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը սահմանում էր, որ ԲԴԽ-ի առաջադրած թեկնածուն նշանակվում է ԿԿՀ անդամ 3 տարի ժամկետով, սակայն օրենքի այդ կետը հետո հանվեց: Փաշինյանը 2023 թ. կրկին նշանակվել է ԱԺ-ի կողմից արդեն 6 տարի ժամկետով (գործող կարգով ԿԿՀ անդամի թեկնածուին առաջադրում է ԱԺ նախագահի ձեւավորած մրցութային խորհուրդը):

Տնտեսագետ Լիլիթ Ալեքսանյանը եւս ԿԿՀ անդամ է 2019-ի նոյեմբերից: Այդ ժամանակ նրա թեկնածությունն առաջադրել էր Կառավարությունը: ԱԺ-ի կողմից նշանակվել էր 6 տարով, բայց, ինչպես ասվեց, ժամկետի վերաբերյալ այդ կետը հետագայում հանվել է օրենքից: 2023-ին կրկին նշանակվել է ԱԺ-ի կողմից 6 տարի ժամկետով:  

Իրավաբան Մարիամ Գալստյանն էլ ԿԿՀ անդամ է 2021-ի սեպտեմբերից: Նշանակվել է 6 տարի ժամկետով:

2019-ին ԿԿՀ անդամ դարձած Արամայիս Փաշինյանը Սրբուհի Գալյանի քրոջ ամուսինն է: Ս. Գալյանը 2019-2020 թթ. արդարադատության նախարարի տեղակալն էր, իսկ 2020-ից մինչ օրս գլխավոր դատախազի տեղակալն է, համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ