Սարդարապատի սուրբ կոթողի առջև մի խումբ ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ, պատճառաբանելով պետական արարողակարգի արգելող հրամանը, անամոթաբար և անպատկառ կերպով կանգնեցին Ամենայն Հայոց Հայրապետի և Նորին Սրբությանն ուղեկցող հոգևորականների առջև՝ արգելելով մոտենալ սուրբ կոթողին՝ աղոթք մատուցելու և հարգանքի խոնարհում բերելու:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը:
«Ոչ միայն կանգնեցին, այլև քաշելով ու հրելով փորձեցին կանգնեցնել Հայոց Հայրապետին ու Հայրապետական թափորը:
Եվ այս ամենին Հուշակոթողի մոտից լուռ հետևում էին ԱԺ նախագահության անդամներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ...
Նայում էին, թե ինչպես են անարժանապատիվ որոշ ուժայիններ հոգևորականներին և Հայոց Հայրապետին հրում ու քաշքշում:
Ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ հրաման տվեցիք և այդ ստոր հրամանը կատարեցիք, ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, Խորհրդարանի այդ պահին ներկա ղեկավարներ ու անդամներ, որ անզգամաբար մասնակցեցիք այդ խայտառակությանը:
Անմիտներ, այդ Հուշակոթողի ճանապարհն իր ժամանակին Իր հերոսական պահվածքով ու կոչով ու գործողություններով բացել են Հայոց Կաթողիկոսը և նաև զինվորյալ հոգևորականները: Եվ հիմա դուք համարձակվում էիք խոչընդոտե՞լ, փակե՞լ Հայոց Հայրապետի մուտքը դեպի Հուշակոթող. ստացա՞ք արժանին: Անարգված անոթների պես, ի վերջո, աջ ու ձախ շպրտվեցիք, և Հայոց Վեհափառ Հայրապետի թափորը բարձրացավ ու մոտեցավ Հուշակոթողին:
Իսկ դուք, խայտառակությանը ներկա երեսփոխաններ ու պետական պաշտոնյաներ, մնացիք պատերի տակ մեղկացած կանգնած:
Դուք ձեզ հերթական անգամ տրորեցիք ու ոչնչացրեցիք, դուք ինքներդ հերթական անգամ փաստեցիք, որ Հայոց Պետության ու ազգային արժեքների հետ ոչ մի աղերս չունեք: Այլևս ապաբարոյական կերպարներ եք:
Հայոց Եկեղեցին ազգային բացարձակ արժեք է, և այս սուրբ հաստատությունը խտացյալ կերպով ներկայանում է միմիայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծյալ անձով, Ով մարմնացումն է Հայոց Հայրապետության սուրբ գաղափարի: Հետևաբար, անմիտ ու անզգամ արարքով դուք ձեռք բարձրացրեցիք բովանդակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա:
Ամենայն խստությամբ դատապարտում եմ այդ գործողությունը և բոլոր նրանց, որոնք հրաման տվեցին, գործադրեցին և լուռ ներկա գտնվեցին:
Սակայն, ինչպես երեկ, նույնպես այսօր և ընդմիշտ կբացվեն բոլոր ճանապարհները Հայոց Հայրապետի և Իր առաջնորդությանը հանձնված Հայոց Եկեղեցու առջև»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը