26 04 2024

Հայրս որևէ բժշկական օգնություն չի ստացել, և դեռ մեկուսարանում է․ Ռուբեն Վարդանյանի որդի



Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված և Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին ապրիլի 25-ին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ: Հարազատները  խնդրել  էին Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։

Իրավիճակի հետ կապված Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը  հարցազրույց է տվել  France 24 հեռուստաընկերությանը: Նա շնորհակալություն է հայտնել  Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին՝ աջակցության համար։ Պատասխանելով Ռուբեն Վարդանյանի դատավարության ժամկետների և հայտարարված հացադուլի մասին հարցին, Դավիթը Վարդանյանը նշել է, որ գործընթացը բացարձակապես թափանցիկ չէ:

«Նրա ձերբակալությունից ի վեր մենք չափազանց քիչ տեղեկություն ենք ունեցել նրա վիճակի, դատավարության մասին:  Ենթադրվում էր, որ դատավարությունը տեղի է ունենալու հունվարին, որը, սակայն, կամայականորեն հետաձգվել է մինչև մայիս։ Անցած շաբաթ իմացանք, որ հայրս, որը երկու շաբաթից ավելի չէր զանգել ընտանիքին, ապրիլի 5-ից հացադուլ էր հայտարարել։ Նրան ավելի քան երկու շաբաթ դիտավորությամբ զրկել էին ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորությունից, իսկ առողջական վիճակը վատթարանում էր։ Երբ միջազգային ճնշումը մեծացավ, այդ թվում Ֆրանսիայի կողմից, նրան առաջին  անգամ հնարավորություն տրվեց հեռախոսազրույց ունենալ:

Միջազգային ավելի մեծ ճնշումից հետո՝ ապրիլի 25-ին մայրս խոսել նրա հետ, պատմել  միջազգային արձագանքների մասին, ասել է, որ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի նման մարդիկ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ժամանակ հայտարարություն են արել և բոլորը չափազանց անհանգստացած են նրա առողջության համար: Նա խնդրել է հանուն մեզ  դադարեցնել հացադուլը։ Հայրս դժկամությամբ է համաձայնել ընդհատել  հացադուլը»,-պատմել է Դավիթ Վարդանյանը:

Հարցին՝ արդյոք Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը, Դավիթ Վարդանյանը պատասխանել է. «Այո, ժամանակավորապես, ինչպես մեզ է հայտնի։ Բայց մենք շարունակում ենք խիստ անհանգստացած մնալ նրա առողջական վիճակով, քանի որ նա որևէ բժշկական օգնություն չի ստացել, և դեռ մեկուսարանում է՝ առանց բժշկական համապատասխան հետազոտությունների։ Նրա առողջության համար մեր մտահոգությունը շարունակվում է, բայց մենք հուսով ենք, որ նա կդադարեցնի հացադուլը»:

France 24-ի մեկնաբանի այն հարցին, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել Լեռնային Ղարաբաղ գնալ, Դավիթ Վարդանյանը  նշել է, որ հայրը շատ լավ հասկանում էր այդ որոշման բոլոր ռիսկերը՝ ոչ միայն իր, այլև՝ ընտանիքի համար. «Վերջին անգամ նրա հետ անձնապես խոսել եմ 2022 թվականի օգոստոսին: Նա ինձ ասաց, որ ժամանակ է գալիս, երբ որոշ բաներ դառնում են առավել կարևոր, քան նույնիսկ սեփական կյանքը, և դու պետք է առաջնորդվես այդ արժեքներին ու սկզբունքներին համաձայն։ Նա կարծում էր, որ 120 հազար մարդ չեն կարող ուղղակիորեն մոռացված ու լքված լինել։ Դրա համար էլ ռիսկի գնաց, որպեսզի ապրի նրանց հետ և փորձի փրկել նրանց, բարձրացնի նրանց սարսափելի վիճակի մասին իրազեկությունը։ Նույնիսկ հիմա՝ բանտում, նա շարունակում է պայքարել այդ մարդկանց համար, որ նրանք չմոռացվեն»։

Պատասխանելով մեկնաբանի հարցին, թե ի՞նչ կարող է անել Եվրոպան, Դավիթ Վարդանյանը նշել է, որ շատ բան արվում է, թեև ջանքերը դեռևս բավարար չեն. «Ես զգում եմ, որ տրամադրությունները փոխվում են, մի կողմ դրած ռեալպոլիտիկը, որը, ինչպես հասկանում եմ, անխուսափելի է։ Ես զգում եմ, որ եվրոպական հանրությունը՝ Եվրախորհրդարանում Ֆրանսուա Բելամիի նման առաջնորդներով, իսկապես ցույց տալիս, որ պրագմատիկ իրողություններից դուրս գոյություն ունի նաև մարդու իրավունքների խնդիր, որը չի կարելի անտեսել: Հայ բանտարկյալները դառնում են այս քննարկման հիմնական հարցը, ուստի թեման միշտ պետք է լինի օրակարգում: Եվրախորհրդարանում երեկ տեղի ունեցած գործողությունները՝ քաղբանտարկյալների վերաբերյալ, իրավամբ հարց են առաջացնում՝ արդյո՞ք Ադրբեջանը կարող է լինել վստահելի գործընկեր, եթե շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները: Եվրոպայի ձայնը շատ կարևոր է։ Ֆրանսիային պետք է մյուսներն էլ միանան: Հուսով եմ, այս արժեքները գերակա կլինեն, և հայ բանտարկյալները ազատ կարձակվեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ