05 04 2024

Քաշաթաղի Զորախաչ եկեղեցին ադրբեջանցիները ներկայացնում են աղվանական

Քաշաթաղի Զորախաչ եկեղեցին ադրբեջանցիները ներկայացնում են աղվանական

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն հայտնում է, որ ապրիլի 4-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվել էր մի տեսանյութ, որը նկարահանվել է Արցախի Հանրապետության բռնազավթված Քաշաթաղի շրջանում, տեսանյութում Քաշաթաղի շրջանում գտնվող Զորախաչ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։ Նա ընդգծում է, որ այս քաղաքականությամբ խեղաթյուրվում է պատմությունը։

Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, Արախիշ գյուղի տարածքում: 

«Ադրբեջանը որպես աղվանական է ներկայացնում ոչ միայն Արցախի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության զգալի մասը, այլ նաև՝ Տաթևի վանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հաղարծինի վանքը, Գոշավանքը, Հաղպատի վանական համալիրը, Սևանավանքը, Գեղարդավանքը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին և այլ հոգևոր մշակութային արժեքներ»,- գրել է Հ. Ավանեսովը։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ