Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այն, որ 2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանում իրավական պետության մասին խոսք լինել չի կարող, միանգամայն հասկանալի է։ Դա պարզ է նաև ցանկացած մարդու համար, ով գոնե մի փոքր ծանոթ է գործերի իրական վիճակին։
ՀՀ-ում կատարվող իրավական «բեսպրեդելի» ողջ մասշտաբը տեսնելու համար պարզապես պետք է աչք չփակել գործող իշխանությունների հանցագործությունների և չարաշահումների վրա, որոնք կատարվում են ամեն օր։
Աչք չփակել ցանկացած այլակարծության հետապնդման, հայրենավաճառության, ընդդիմադիր գործիչների ձեռբակալման, բանակում կատարվող սպանությունների, ավազակային հարձակումների, թմրանյութերի անօրինական շրջանառության, շինծու հարյուրավոր քրեական գործերի և այլ անօրինությունների վրա:
Մեր երկիրը ողողված է հանցագործության հսկայական ալիքով, և իրավական այս քաոսի ստեղծողները, ոգեշնչողները և ղեկավարողները ներկայիս ՔՊ-ական կառավարիչներն են՝ նրանք, ովքեր իշխանության եկան այն զավթելու ճանապարհով:
Հենց նրանք են կրում ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետությունում հանցագործության աննախադեպ աճի և հասարակության քրեականացման համար։
Հենց նրանք հայտարարեցին, որ ՀՀ-ում արմատախիլ են անելու համակարգային կոռուպցիան, բայց իրականուն թավշյա «հեղափոխականները» դարձան պետական թալանի թիվ մեկ հովանավորողները։
Հենց նրանք էլ իշխանությունը պահելու համար հանձնեցին Արցախը, դավաճանեցին արցախահայերին, անտեսեցին մեր պետական և ազգային շահերը, սկսեցին սպասարկել նեղ անձնական և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, կազմաքանդեցին դատական համակարգը, ոտնահարեցին սահմանադրությունն ու օրենքները․․․
Նրանք ոչ միայն ի վիճակի չեղան արդյունաբեր կառավարել պետությունը, այլեւ դիտավորյալ ոչնչացրեցին տարիներով ստեղծված արժեքները։
Գործող խունտան իր անօրեն քայլերով ոչնչացնում է տնտեսությունը, ոչնչացնում է սոցիալական համախմբվածությունը, ոչնչացնում է մարդկանց հավատը ապագայի նկատմամբ, ոչնչացնում է ժողովրդավարությունը, ոչնչացնում է արդարությունը, ոչնչացնում է մեր անկախ պետականությունը, ոչնչացնում է ազգային կրթությունն ու մշակույթը․․․
Փառամոլության և իշխանության նրանց անվերջ ծարավը երկիրը կանգնեցրեց անօրինականության և կործանման անդունդի եզրին:
Համբերությունն անվերջ չէ․․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը