Հայաստանի Հանրապետությանը սպառնացող փորձություններն ու մարտահրավերները խիստ խորացել են՝ հատելով բոլոր թույլատրելի և անթույլատրելի կարմիր գծերը։ Այս մասին ԱԺ հայտարարություններոի ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
«Մեր երկրում գոյություն ունեցող հոգևոր, սոցիալական, մշակութային, անվտանգային և քաղաքական ճգնաժամը ոչ մի ձևով չի կանգնեցվում իշխանությունների կողմից։
Հակառակը, այն աստիճանաբար ավելի է խորանում և կրում աղետաբեր բնույթ։
Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր մենք կանգնած ենք կրիտիկական վտանգի առաջ․ հարցականի տակ է դրված մեր անկախ պետականության լինել չլինելը։
Այս ամենի կողքին այսօր մենք կորցնում ենք այն, ինչով հպարտանում էինք տարիներ շարունակ․ դա մեր ազգային արժանապատվությունն է։
Ազգային արժանապատվության հարցը ներկայումս ձեռք է բերել հատուկ արդիականություն, որը կապված է գործող իշխանությունների վարած քաղաքականության, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան և հակահայկական քայլերի ուժեղացման հետ: Հայաստանի Հանրապետության թե՛ ներքին և թե՛ արտաքին թշնամիները ցանկացած գնով փորձում են մեր մեջ մարել ազգային արժանապատվության զգացումը:
Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ անտեսելով մեր հանրապետության առաջ ծանրացած բոլոր վտանգները, իշխանությունները մեզ համառորեն տանում են այնտեղ, որտեղ ազգային արժանապատվության տեսանկյունից անդունդ է և դատարկություն :
Ազգային արժանապատվության ոգին չի տրվում բանավոր նկարագրության, բայց հենց նա է հանդիսանում ազգային գաղափարի անվերապահ սկիզբ ՝ իրենից սահմանելով այն, ինչը կոչվում է ազգային բնույթ՝ հանդիսանալով մեր ժողովրդի էության ամենահիմնարար հենասյունը։
Այսօր մենք միայն մեկ ելք ունենք՝ չհամակերպվել այս իրավիճակի հետ և պայքարել։
Սա պետք է լինի բոլորիս ամենօրյա աշխատանքը և վերջնական նպատակը:
Սիրելի՜ հայրենակիցներ,
Մեր անկախ պետականության համար վճռորոշ այս օրերին սերունդները չեն ների մեր չեզոքությունը, լուռ անտարբերությունը և տիրող իրավիճակի հետ համակերպվելը։
Ոչ ոք չի կարող մեր մեջ կոտրել և սպանել մեր ազգային արժանապատվությունը:
Ազգային արժանապատվության զգացումը հզոր և անհաղթելի ուժ է…»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը