Փետրվարին 16-ին հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմը օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել է ադմիրալ Իսակովի կիսանդրին: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է, այն տեղադրվել է 2018 թվականին։ Ադմիրալ Հովհաննես Իսակովը Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ էր, ադմիրալ, Սովետական Միության հերոս, ռազմական տեսաբան:
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն ահազանգում է՝ վերջին երկու ամիսների դիտարկումը թույլ է տալիս ենթադրել, որ ադրբեջանական կողմը սկսել է նպատակուղղված կերպով օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացնել և վերացնել խորհրդային տարիներին և վերջին 30 տարիներին քաղաքում կանգնեցված արձանները և կիսանդրիները.
«Այս քայլով ադրբեջանական կողմը ապամշակութայնացնում է Ստեփանակերտը, հեռացնում է քաղաքի հայկականության և մշակութային ժառանգության խորհրդանիշերը: Առավել հատկանշական է, որ այս քայլը ադրբեջանական կողմն սկսեց Ստեփան Շահումյանի արձանի բացահայտ ապամոնտաժմամբ։ Ավելի մանրամասն տես այստեղ։ Քաղաքի ապահայկականացման և վերափոխման գործընթացի մեկնարկը տվեց Իլհամ Ալիևը, ով օկուպացված Ստեփանակերտում ելույթի ժամանակ անդրադարձավ քաղաքի պատմությանը: Ավելի մանրամասն տես այստեղ։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված մի շարք բնակավայրերում ադրբեջանական կողմը պղծել է և ոչնչացրել այդ թվում և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները կամ դրանց տարրերը: Ասվածի ակնառու օրինակներից մեկը տեղի է ունեցել Հադրութի Մեծ Թաղեր գյուղում, որը Խորհրդային Միության հերոս, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի հայրենի գյուղն էր: Ավելի մանրամասն տես այստեղ։ Բացահայտ կերպով պղծվել էր Հադրութի Ազոխ գյուղի՝ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։
Մեր արձագանքը
Ադրբեջանը խախտել է բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի, Ժնևի և միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները։
Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում մշակութային ժառանգությունը համարվում է մարդու ստեղծագործ մտքի բացառիկ արտահայտություն, որի ոչնչացումը կամ վնասումը ուղղակիորեն խախտում է մարդու/համայնքի անդամների մշակութային իրավունքները թեˊ պատերազմի ժամանակ, թեˊ պատերազմից հետո։
Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն:
Օկուպացիայի ընթացքում տեղի ունեցող ամենատարբեր հարաբերություններն ու գործընթացները կարգավորվում են Միջազգային հումանիտար (մարդասիրական) իրավունքով։ Մշակութային արժեքների պաշտպանությանն են վերաբերում միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։
Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։
Զինված բախումների ժամանակ և դրանից հետո՝ օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության սկզբունքներ է առաջարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թվականին ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը։ Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով նույնպես արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը