Հունվարի 8-ին, ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Շրջելով հավաքակայանի տարածքում և հետևելով գործընթացի իրականացմանը՝ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Նախարար Պապիկյանը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում գործող ծրագրերը, որոնց մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից:
2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում գործարկվել է մասնագիտական ընտրության ավտոմատացված էլեկտրոնային նոր համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հարցաշարերի միջոցով ստուգել զինակոչիկների տեխնիկական և հումանիտար գիտելիքները: Ըստ այդմ՝ որոշվում է տվյալ զորակոչիկին առավել համապատասխան մասնագիտացված ուսումնական կենտրոնը, որտեղ նա ծառայության է անցնելու և վերապատրաստվելու է՝ նախքան հիմնական ծառայության վայր մեկնելը։
Շրջայցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը