28 12 2023

Երուսաղեմում դիմակավորված և զինված անձինք հարձակվել են հայ հոգևորականների և համայնքի անդամների վրա

Երուսաղեմում դիմակավորված և զինված անձինք հարձակվել են հայ հոգևորականների և համայնքի անդամների վրա

Համացանցում տեսանյութ է հրապարակվել Երուսաղեմի հայկական թաղամասում տասնյակ իսրայելցիների կողմից տեղի հայերի վրա հարձակման վերաբերյալ:

Այս մասին գրում է jordannews.jo կայքը՝ նշելով, որ տեսանյութում երևում է, որ 30 իսրայելցի ներխուժում են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» կոչվող տարածք՝ հարձակվելով քահանաների, բնակիչների և հավատացյալների վրա:

Կայքը նկատում է, որ Իսրայելի ոստիկանությունն իսրայելցի ագրեսորների փոխարեն երկու հայ է ձերբակալել:

Երուսաղեմում զանգվածային և համակարգված ֆիզիկական հարձակում է իրականացվել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ անդամների վրա: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը՝ մանրամասնելով, որ դա տեղի է ունեցել այս հրապարակումից մեկ ժամ առաջ:

Նա մանրամասնել է, որ որոշ քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր ծանր վիրավոր են:

«Ավելի քան 30 դիմակավորված և զինված սադրիչ՝ մահաբեր և ոչ մահաբեր զենքերով, այդ թվում՝ ուժեղ նյարդային նյութերով, որոնք անգործունակ են դարձրել մեր տասնյակ հոգևորականների, ներխուժել են «Կովերի պարտեզի» տարածք և սկսել իրենց դաժան հարձակումը: Կրկին շեշտում ենք՝ ծանր վիրավորումներ են ստացել Հայկական աստվածաբանական ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ, ուսանողներ, բնիկ հայեր։ Երուսաղեմում հայ հոգևորականներն իրենց կյանքի համար պայքարում են ընդդեմ անպատիժ սադրիչների:

Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզի» վերաբերյալ հայց ներկայացնելու համար, որը դատարանը պաշտոնապես ստացել է 24 ժամ առաջ։ Այսպես են իրավական ընթացակարգերին արձագանքում ավստրալիա-իսրայելցի գործարար Դենի Ռոթմանը (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարը (Հադադ)։

Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է։ Եպիսկոպոսները, քահանաները, սարկավագները և բնիկ հայերը տեղում պայքարում են իրենց կյանքի համար:

Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհի իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել մեզ փրկել Հայկական թաղամասը դաժան կործանումից, որն այստեղ աջակցություն է ստանում անանուն կազմակերպությունների կողմից:

Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը հետաքննություն սկսել Դենի Ռոթմանի (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարի (Հադադ) դեմ՝ Հայոց պատրիարքարանի և համայնքի վրա իրենց շարունակական հանցավոր և կարծես թե վերջ չունեցող հարձակումները կազմակերպելու համար:

Իսրայելը օրենքի և կարգուկանոնի պետություն է, և նման հանցավոր պահվածքը չի կարող հանդուրժվել և մնալ անպատիժ», - ասվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանի հրապարկման մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը անձամբ է ստորագրել համաձայնագիրն այն մասին, որ «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցվում է գործարար Դենիել Ռուբինշտեյնին հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը չէր դադարում այդ գործարքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպել Երուսաղեմում։

Նոյեմբերի 1-ին պատրիարքությունը նամակ է ուղարկել Xana Gardens Ltd ընկերությանը տեղեկացնելով, որ չեղարկում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 8-ին կնքած համաձայնագիրը։ Այդ ժամանակվանից հայ համայնքի և ընկերության ներկայացուցիչների միջև առաջացած կոնֆլիկտը չի դադարում։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի։

Թեմայի վերաբերյալ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այս արարքը զինված հարձակում է ոչ միայն Հայ համայնքի, այլ Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Հայկական թաղամասի նկատմամբ` կենսական վտանգ ստեզծելով:

«Այսօր ահազանգեր ենք ստացել Երուսաղեմի հայ համայնքից, որ կեսօրին մոտ՝ ժամը 12-ի սահմաններում 30 դիմակավորված և զինված անձինք կազմակերպված ներխուժել են Երուսաղեմի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայր։

Զինված լինելով էլեկտրահարող սարքերով, մետաղե ձողերով, քարերով՝ հայհոյանքներով ու բղավոցներով կյանքի համար վտանգավոր եղանակով հարձակում են գործել խաղաղ հայ համայնքի և հոգևորականների, այդ թվում՝ եպիսկոպոսների, քահանաների և սարկավագների նկատմամբ։

Հրապարակած տեսանյութերից հստակ երևում է՝ ինչպես են զինված ու դիմակավորված անձինք հարձակվում ու հարվածներ հասցնում հայ համայնքի ներկայացուցիչներին և հայ հոգևորականներին։
Արդյունքում հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնասներ, այդ թվում` ծանր:

Հարձակման ենթարկված Հայ համայնքի 2 ներկայացուցիչ բերման է ենթարկվել և գտնվում է Ոստիկանությունում։ Ոստիկանություն են տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ:

Ըստ ահազանգերի՝ թեև Ոստիկանությունը «Կովերի պարտեզ» կոչվող վայրից գտնվում է ընդամենը 100 մետր հեռավորության վրա, Ոստիկանությունը ժամանել է 20 րոպե ուշացումով։
Այս հանցավոր արարքը զինված հարձակում է ոչ միայն Հայ համայնքի, այլ Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Հայկական թաղամասի նկատմամբ` կենսական վտանգ ստեզծելով:

Մենք նշված հարցերը քննարկել ենք Երուսաղեմի Հայ համայնքի հետ և անմիջական կապի մեջ ենք նրանց հետ՝ իրավիճակի հետ կապված։ Նշված բոլոր տեղեկությունները հաստատել են նաև Հայ համայնքի ներկայացուցիչները»,- ասված է հայտարարության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ