Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է իսրայելա-ավստրալացի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապված զինված խմբավորումների վերջին դաժան հարձակումն Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա:
«Մենք կրկնում ենք մեր նախորդ հայտարարության կոչը՝ պաշտպանելու հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը և հարգելու նրա բնակիչների կամքը, որոնք շարունակում են դիմադրել իրենց հողերի բռնի յուրացմանը»,- ասված է ինստիտուտի հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտն ընդգծել է, որ նման իրադարձությունները նպաստում են զանգվածային վայրագություններին և ցեղասպանությանը նպաստող միջավայրի ստեղծմանը: Նշվում է, որ նման նախազգուշացումները կարևոր են հայերի դեմ հետագա էսկալացիան կանխելու համար:
«Մենք լիովին աջակցում ենք երուսաղեմահայության դիմադրությանը և իշխանություններին կոչ ենք անում բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել հայկական թաղամասի և Արևելյան Երուսաղեմի մնացած մասի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը