15 12 2023

ՌԴ-ն հերքում է ՀՀ ԲՏԱ նախարարության հայտարարությունը

ՌԴ-ն հերքում է ՀՀ ԲՏԱ նախարարության հայտարարությունը

«Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել»։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հայկական կողմը հայտարարել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին։ Ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները կոնկրետ։ Միևնուն ժամանակ այդ փաստերի կոնկրետ փաստաթղթային ապացույցներ գործընկերների կողմից չի ներկայացվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունում նշել են, որ հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով հաստատվել են պայմանավորվածությունները՝ ապահովելու համաձայնագրի լիարժեք կատարումը, արագ լուծելու առաջացող խնդիրները և պահպանելու սերտ համագործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ