14 04 2021

Վարչապետի հայտարարությունը ճիշտ չէ․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

Վարչապետի հայտարարությունը ճիշտ չէ․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

Վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԲՏԱ նախարարությունը մշտապես աշխատանքներ է տարել հայկական արբանյակի թողարկման ուղղությամբ, ինչպես նաև նշեց, որ այն երկարաժամկետ գործընթաց է: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կենտրոնական գրասենյակը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

ԲՏԱ նախարարության կողմից չի իրականացվել նույնիսկ անհրաժեշտ նվազագույն աշխատանք՝ ուղղված հայկական արբանյակի թողարկմանը, որը ՀՀ-ի համար ունի ռազմավարական նշանակություն: Ավելին, հայկական արբանյակի թողարկումը ներառված է եղել միայն 2013 և 2014թթ. կառավարության ծրագրերում:

Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կողմից ՀՀ-ին հատկացված է եղել դիրք գեոստացիոնար ուղեծրում, որի շրջանակներում Հայաստանը շուրջ 3 տարուց ավելի` մինչև 2016թ. ներառյալ, իրականացրել է կոորդինացման աշխատանքներ (ՀՄՄ) անդամ պետությունների (ադմինիստրացիաներ) հետ, որը գրեթե հասցված է եղել ավարտին: Ի դեպ, սա միակ ժամանակատար գործընթացն է: Սրան զուգահեռ ՀՀ-ն նաև բանակցություններ է տարել արբանյակներ թողարկող աշխարհի լրջագույն կազմակերպությունների հետ և ստացել ամբողջական առաջարկներ (այդ թվում՝ SpaceX-ից):

Հետևաբար, ցանկության դեպքում և ֆինանսական համապատասխան հատկացման պարագայում ռազմավարական այս ծրագիրը կարող էր իրականացվել առավելագույնը 1 տարվա ընթացքում:

Ինչ վերաբերում է հայկական արբանյակի սպասարկման տարեկան ծախսերին, ապա արդյունավետ կառավարման պարագայում այն ոչ միայն երաշխավորում է ինքնածախսածածկույթը, այլ նաև կարող է ապահովել պետության համար կայուն եկամուտ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ