Պատմաբան, Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է.
«Հայոց պատմության 7-րդ դասարանի աղմկահարույց դասագիրքը ստեղծող «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի նախագծի ղեկավար Վահրամ Սողոմոնյանը մեկնաբանություն է տվել Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին պատկանող թերթին՝ անդրադառնալով նոյեմբերի 30-ին «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի կողմից հրավիրված «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային քննարկումների արդյունքում կազմված մասնագիտական եզրակացությանը:
Նախ այն մասին, թե ո՞վ է սույն անձը, ով իրեն իրավունք է վերապահում քննարկել, ավելին՝ չհամաձայնել կամ որակումներ տալ շուրջ երկու տասնյակ գիտնականների, այդ թվում՝ բուհերի դեկանների ու ամբիոնների վարիչների, ԳԱԱ ինստիտուտների տնօրենների ու առանձին ծանրակշիռ մասնագետ-պատմաբանների միահամուռ տեսակետներին ու առաջարկներին:
Նայում ենք կենսագրականը՝ ավարտել է ԵՊՀ, ուշադրություն, գերմաներենի բաժինը, այնուհետև, կրկին ուշադրություն, պաշտպանել է ատենախոսություն... քաղաքագիտության բնագավառում:
Ահա ողջ զավեշտը. գերմաներենի մասնագետ-քաղաքագետը դուրս է եկել պատմագիտության ոլորտի ծանրակշիռ գիտնականների դեմ ու առանց այլևայլության վստահեցնում՝ «գիտական առումով դասագիրքը որևէ խնդիր չունի»:
Դա նույն բանն է, որ, օրինակ, սանտեխնիկը նայի մի անորակ ֆիլմ ու ասի՝ ֆիլմը ոչ մի խնդիր չունի:
Իսկ միգուցե ժամանակին իր՝ Սորոսի հիմնադրամի խորհրդի անդամակցությու՞նն է պատճառը, որ Վահրամ Սողոմոնյանն ուժգնորեն պաշտպանում է հայոց պատմության այդկերպ աղավաղումները և, ըստ մասնագետների հայտարարությունների, միտումնավոր կեղծարարությունները:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, օրինակ, հայտարարել է, որ Վահրամ Սողոմոնյանի հետ մասնավոր զրույց է ունեցել, որի ժամանակ վերջինս կասկածի տակ է դրել Էրեբունի-Երեւանի կապը. «Նա կարծես ինձ հասկացնում էր, որ մենք Ուրարտուի հետ ուղիղ կապ չունենք: Եվ երբ ես ասացի՝ դա մեր ինքնության մասն է, պատասխանեց՝ եկեք թողնենք «ինքնություն, ժառանգություն» հասկացությունները: Նա նաեւ Էրեբունի-Երեւանի կապն էր կասկածի տակ դնում ու նշում էր, որ Էրեբունին կապ չունի այսօրվա Երեւանի հետ, դա Սովետի ժամանակվա միֆ է… Իսկ երբ ես ասացի՝ իսկ կարո՞ղ է դու թուրքերի հետ ուղիղ կապ ունես, ինձ ասաց՝ թուրքերի՝ չէ, բայց մենք, հավանաբար, մոնղոլների հետ կապ ունենք: Ես ասացի՝ ինքը գուցե ունի, բայց ես հաստատ մոնղոլների հետ կապ չունեմ… Նման գաղափարներով առաջնորդվող մարդն է այս դասագրքի պատվիրատուն»:
Հետաքրքիր է՝ ո՞վ է կրկնում այն թեզը, որ մենք Ուրարտուի հետ կապ չունենք, կարո՞ղ է Վահրամ Սողոմոնյանը հանկարծ, շատ պատահաբար, կրկնում է թուրքական պատմագիտական շրջանակների այդ նույն թեզը, որ հայերը ոչ մի կապ չունեն ուրարտական ժառանգության հետ, ինչի արդյունքում՝ սեփականել են Ուրարտուն... Ու այսքանից հետո ՀԺ-ին հարցազրույց տալ ու ասել՝ որևէ հիմք չկա, որով կարող են պնդել, թե դասագիրքը գրված է թուրքական ազգայնամոլական պատմագիության մոդելի հիման վրա։ Իսկ ես ասում եմ՝ կա՛: Հիմքը հենց Ուրարտուն հանձնելն է թուրքերին՝ Արցախի բարեհաջող հանձնումից հետո: Հիմքը հենց դասագրքում Էրեբունի - Երևան օրգանական կապի խզումն է:
Վահրամ Սողոմոնյանն անձնվիրաբար պաշտպանելով հեղինակ Սմբատ Հովհաննիսյանին՝ փաստում է, որ նա դասագիրքը միայնակ գրել է՝ խորհրդակցելով բազմաթիվ խորհրդատուների հետ։ Հարց՝ ովքե՞ր են նրանք: Միգուցե այդ դասագրքի չափորոշիչներն ստեղծողներից հայտնի Լիլիթ Մկրտչյա՞նը, ով թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի միջոցով իրականացված ծրագրերից մեկով, ստանալով մոտ 20 հազար եվրո բյուջե, նպատակ էր հետապնդում «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա թշնամու կերպարներին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում», թե՞ Բրյուսովի շրջանավարտ, այդ նույն մերժված ու վտանգավոր չափորոշիչները ատամներով պաշտպանող, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով այդ նույն Լիլիթ Մկրտչյանի ու կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել է «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները, որտեղ Հայաստանը (հայոց հայրենիք Հայկական լեռնաշխարհը) անվանել է Անատոլիա (էջ 52) կամ քննադատել «Հայոց պատմություն» դասագրքի նախորդ հեղինակներին՝ այն բանի համար, որ նրանք դասագրքում «զարմանալի արագությամբ» ներառել են Ապրիլյան քառօրյան հերոսացնող դրվագներ:
Կրկնում եմ՝ ովքե՞ր են այդ «թաքնված» խորհրդատուները, որտե՞ղ են ապրում, ինչո՞վ են զբաղվում, կարելի՞ է իմանալ դրանց անունները:
Եվ վերջում. մեկնաբանություններում կդնեմ ադրբեջանական ալիքի՝ հայ գիտնականներին ծաղրող ու վիրավորող տեսանյութը: Թե ում կամ ինչն է հիշեցնում այն՝ թողնում եմ մարդկանց դատողությանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը