30 11 2023

Հայերի ու ադրբեջանցիների համագոյությունը սպառնալիք է. մեր հայրենիքում մենք կդառնանք փոքրամասնություն. Սիրանուշ Սահակյան



«Արցախյան հակամարտությունը տարածքային հարցի շուրջ միջազգային իրավական վեճ չի եղել և իր հիմքում ունեցել է էթնիկ ծագումնաբանություն: Հայերի նկատմամբ ատելությունը, բռնութունները հանգեցրել են զարգացումների.  քանի դեռ այդ քաղաքականությունն ունի շարունակականություն մենք չենք կարող կանխել  բռնությունները, և որքան էլ  ցանկանանք կամ քաղաքական առումով պարտադրենք հայերի ու ադրբեջանցիների համագոյությունը, եթե պատճառները վերացված չեն, դրանք կրկնվելու են»,- «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանը:

Նա արցախցիների վերադարձ Արցախ դժվարանում է պատկերացնել այն իրականությունում, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանողը հերոսացվում է այդ երկրում, 44-օրյա պատերազմում մարդկանց մաշկազերծ անողներն այդ հասարակությունում ընկալվում են հերոսներ:

Իսկ անդրադառնալով  ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հնարավորություններին, ինչի մասին վերջին շրջանում Հայաստանում հրապարակային քննարկումներ են սկսվել, և , նույնիսկ Ալեն Սիմոնյանն է հայտարարություն հնչեցրել, նա ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալն ու հայերի հետ համագոյությունն իրատեսական չհամարեց:

«Ադրբեջանցիների վերադարձից առաջ պետք է քննարկման առարկա դառնան հայերի բնակության հարցերն այն հողերում, որոնք նաև պատմական հայրենիք են ու քանի այս հարցերի նկատմամբ Ադրբեջանն անհանդուրժող է, անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքներից ելնելով են Հայաստանում բացվում դռներն ադրբեջանցիների առջև: Մանավանդ, որ այդ երկիրը պետականորեն հայտարարում է ՀՀ-ի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին»,-ասաց բանախոսը:

Սիրանույշ Սահակյանը մտավախություններ ունի, որ հայերը Հայաստանում կարող են դառնալ փոքրամասնություն և եթե ադրբեջանցիներին հնարավորություն տրվի համահավասար իրավունքներից օգտվելու, իրենք նաև քաղաքական գործընթացների վրա են ազդեցություններ ունենալու: Օրինակ է բերում Եվրոպական երկրներում ապաստանած Թուրքիայի քաղաքացիներին, որոնք գործոն են դառնում այդ երկրների ներքաղաքական կյանքում:

Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ