yerkir.am-ը գրում է.
Հանրությունը շարունակում է լայնորեն քննարկել «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագիրքը:
Դեռ 2020 թ. ԿԳՄՍՆ-ի կողմից գրված ու հանրային մեծ աղմուկ հանած հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որում ներառված էին նաև «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաները, քննադատության ենթարկվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի, ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի մի շարք ամբիոնների, ԳԱԱ պատմության ինստիտուտի, ինչպես նաև բազմաթիվ այլ անհատ պատմաբանների ու մտավոր շրջանակների կողմից, ովքեր ոչ միայն հրապարակավ քննադատեցին վերհիշյալ առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, այլև ներկայացրեցին մի շարք հիմնարար առարկություններ:
Հետաքրքրական է, որ վերոնշյալ նախագծերը երբևէ չէին քննարկվել նաև ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնում և չէին ստացել ամբիոնի երաշխավորությունը. այս մասին այն ժամանակ հայտարարություն էր տարածել նշված ամբիոնը, ինչը բավականին արտառոց էր, քանի որ նշյալ առարկաների (նախագծում մտցված են «Հասարակական գիտություններ/ հայոց պատմություն» մեկ ընդհանուր խորագրի տակ) չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանն ու թիմի երկու անդամները ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոսներ էին։ Այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ Լիլիթ Մկրտչյանը մինչ այդ լայնորեն համագործակցել է թուրքական հիմնադրամների ու թուրք մասնագետների հետ՝ իրականացնելով դրամաշնորհային ծրագրեր: Նախագծեր, որոնց նպատակն է եղել մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա պատմության դասագրքերի թշնամական կերպարներին: Պարզ դարձավ նաև, որ Լիլիթ Մկրտչյանը թուրքերի հետ համատեղ հեղինակել է Թուրքիայի և ՀՀ-ի դպրոցներում պատմության ուսուցման և ուսուցման այլընտրանքային չափորոշիչների մասին ձեռնարկներ:
Ինչպես նշում են գիտնականներն ու ոլորտի ներկայացուցիչները՝ տվյալ փուլում այդպես էլ հաշվի չառնվեցին նշված քննադատություններն ու մտահոգությունները, ինչպես նաև ներկայացված առաջարկները, և աղմկահարույց չափորոշիչների ու ծրագրերի հենքի վրա էլ այս տարի ներկայացվեցին մի շարք դասագրքեր: Ճակատագրի բերմամբ՝ այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքի հեղինակը կրկին ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնից է՝ դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը, խմբագիրը նրա կինը՝ Մարիամ Կարապետյանը: Դասագիրքը ստեղծվել է «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի նախագծի շրջանակներում (ղեկավար` Վահրամ Սողոմոնյան):
Այ օրերին մի շարք անհատ մասնագետներ իրենց դիտարկումներն են հրապարակում, առաջարկներ ներկայացնում խնդրին լուծում տալու համար։ Սոցցանցում ֆլեշմոբ սկսվեց՝ դասագիրքը չեղարկելու պահանջով։ Արդյունքում՝ ծնողները մտահոգ են, ուսուցիչներն՝ անորոշության մեջ։
Yerkir.am-ը փորձել է ճշտել ոլորտի հեղինակավոր ինստիտուտների, վերջիններիս ղեկավարների դիրքորոշումն ու տեղեկանալ նրանց ձեռնարկած կամ ձեռնարկվող քայլերի մասին։ Դիմել ենք ԵՊՀ Հայոց պատմության, Հնագիտության և ազգագրության, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոններին, ՀՀ ԳԱԱ պատմության, արեւելագիտության և հնագիտության և ազգագրության ինստիտուտներին։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց, որ գիրքը ընդհանուր աչքի է անցացրել։ «Ոչ մեկն ինձ չի դիմել։ Եթե պաշտոնական դիմում լինի, հանձնաժողով ձեւավորվի, այդ դեպքում իմ կարծիքը կարտահայտեմ»,- ասաց Բոբոխյանը։
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գեւորգյանը նշեց, որ ընթերցել է դասագիրքը, իսկ երբ խնդրեցինք գնահատական տալ, ասաց, որ վատառողջ է եւ գտնվում է հիվանդանոցում։ Խնդրեց՝ ավելի ուշ զանգահարենք, իսկ հետագա մեր զանգերն անպատասխան թողեց։
ԵՊՀ Հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը հայտնեց, որ գիրքը չի ընթերցել, գործընկերներն են իրեն ներկայացրել գրքից քարտեզներ ու դրվագներ՝ մատնանշելով, որ այն անհասկանալի է շարադրված, եւ որ բազում անճշտություններ կան։ «Ժամանակ չեմ կորցնի այդպիսի աղբ կարդալու համար»,- ասաց Ավետիսյանը: Փաստելով, որ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը, ինչպես նաեւ առաձին անհատներ իրենց բացասական գնահատականը հանրայնացրել են՝ Ավետիսյանն ասաց՝ Հնագիտության և ազգագրության ամբիոնի կողմից առանձին արձագանքման կարիք չի տեսնում։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հայտնեց, որ նախարարությունից իրենց չեն դիմել խորհրդակցության համար, սակայն իրենք նախաձեռնող են եղել, պատրաստել են 36 էջանոց փաստաթուղթ, որը մոտ օրերս կներկայացնեն ԿԳՄՍ նախարարությանը։ Ակադեմիկոսը արդար չի համարում գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանին թիրախ դարձնելն ու ամբողջ մեղքը մեկ անձի վրա բարդելը։ Նա փաստում է, որ գիրքը գրվել է ընդունված չափորոշիչներին համապատասխան, ուստի ճիշտ չէ քննադատել միայն դասագիրքը։ Նա հավելում է՝ իրենց հեղինակային կազմը չի մասնակցել նոր դասագրքի ստեղծմանը, քանի որ այդ չափորոշիչներով եթե իրենք էլ դասագիրք կազմեին, այն դատապարտված կլիներ ձախողման։ Մելքոնյանի գնահատմամբ՝ չափորոշիչները պետք է վերանայվեն, իսկ դասագիրքը ամբողջությամբ վերաշարադրվի։
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը զանգահարման պահին ինքնաթիռում էր, մեկնում էր գործուղման, խնդրեց մյուս շաբաթ զանգահարել:
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտ մեր հեռախոսազանգին պատասխանեց հենց ինքը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը, որը, սակայն, խուսափեց պատասխանել այդ մասին հարցերին։ «Եթե ասելիք ունենայի, մինչ այս պահը արտահայտած կլինեի»,- նշեց նա։ Հավելենք նաև, որ նա մինչև վերջ էլ չներկայացավ, չասաց իր անուն-ազգանունը և անջատեց հեռախոսը՝ միայն նշեց, որ ինքն է ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Ուստի, ստիպված էինք զրուցակցի անուն – ազգանունը ճշտել այլ աղբյուրներից:
Հ.Գ. Yerkir.am-ը հետամուտ է լինելու խնդրին և առաջիկայում ներկայացնելու է թե՛ զանգերին չարձագանքած և դեռևս հստակ կարծիք չներկայացրած հաստատությունների ղեկավարների, թե՛ այլ հայտնի գիտնականների դիրքորոշումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը