03 09 2024

«Կարճ ասած»․ Փակված դպրոցներ, չտպվող դասագրքեր և թշնամուց դպրոցը բաժանող մեկ պատ



 

Տարիներ առաջ դասագրքերի վերաբերյալ ծնողների բողոքը վերաբերում էր գնին․ ոչ բոլորն էին կարողանում վճարել դասագրքերի համար, մասնագետների բողոքը բովանդակության շուրջ էր։ Հետո սկսեցին բողոքել ծանրությունից, նրանից, որ աշակերտի պայուսակը մինչև 6-7 կիլոգրամ էր կշռում, ինչը անթույլատրելի է։ Այս իշխանությունը, որ խոստանում էր բարեփոխում, ձևը գտավ, թե ոնց անի, որ ո՛չ պայուսակները ծանր լինեն, ո՛չ գրքի փող տան․ ու ի՞նչ է անում․ շատ պարզ՝ չի տպում դասագրքեր։ 2023-24 ուստարում 11 առարկայից դասագիրք չմտավ դպրոց։ Կա՛մ մրցույթում հայտ ներկայացնողներ չէին եղել, կա՛մ հաղթողներ չէին եղել։ Ֆրանսերեն, Կերպարվեստ, Ռուսաց լեզու, Գերմաներեն և այլն։ Տարբեր պատճառներ են բերում՝ լավ դասագիրք չեն գրում, ժամկետները սուղ են, հոնորարը քիչ է, լավ մասնագետներին չի շահագրգռում և այլն։ Էս խնդիրներին կարելի է հա անդրադառնալ։ Բայց փաստենք, որ եզակի դեպքեր են, որ դասագիրքը դպրոց չի մտնում։ Նիկոլը սիրում է աննախադեպ բառը։ Սա էլ է աննախադեպ։ Կենացները քաղցրանում են, եթե նախորդ տարի չտպագրվեց 11 առարկայի վերաբերյալ դասագիրք, այս տարի՝ 13։ Նախորդ տարվա դասագրքերով էլ չեն կարող աշակերտները սովորել, որովհետև նոր չափորոշիչներ են։ Իսկ ի՞նչ է անելու աշակերտը դասի ժամին․ հուսամ՝ դասաժամերը չեն լրացնելու՝ Նիկոլի ելույթները աշակերտներին պարտադրելով։ Եթե մենք դժգոհում էինք, որ 7-րդ դասարանի Հայոց պամության դասագիրքը լիքն է անճշտություններով, կոպիտ սխալներով, հակահայկական նյութերով, այս տարի որոշեցին, որ ուրեմն 10-րդ դասարանցիները Հայոց պատմություն առարկայից դասագիրք չեն ունենա։ Ո՞րն է ավելի լավ, ունենալ խոտանման ենթակա դասագի՞րք, թե չունենալ ընդհանրապես։ Լավագույնը կլիներ ունենալ նորմալ դասագիրք։ Բայց մի մոռացեք, որ գործ ունենք ՔՊ իշխանության հետ։

Նիկոլն ասում է՝ պետք է դպրոցներում սովորեցնենք լավ ապրել, վայելել կյանքը, դե երևի՝ ՔՊ-ական իշխանիկների նման։ Իսկ դա ո՞նց են սովորելու, արդյոք լավ կրթություն ստանալը չէ լավ կյանքի երաշխիքը․ թե՞ իշխանությունից կառչելը, բյուջեն մսխելը, գուցե հող ծախելը։ 

Փաշինյանը գնացել էր մի քանի դպրոց՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ, լենտը կտրում է ու մտնում նորակառույց դպրոց, որին թշնամուց բաժանում է մի պատ։ Դրան դեռ կանդրադառնամ․ նոր շենքը կա, ուսուցիչները կան, աշակերտները կան, բայց չկան ու չեն լինելու դասագրքերը։ Այսինքն՝ բան չեն սովորելու։ Բա էլ ինչի՞ համար է դպրոցի շենքն ու ուսուցչական կազմը, դեկորացիա՞ է։ Թե՞ ձեզ դպրոցն ու ուսուցիչները պետք են միայն նրա համար, որ աշակերտներին ու ծնողներին ցուցակագրած բերեք Նիկոլի քարոզարշավներին։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը շնորհավորում է աշակերտներին գիտելիքի օրվա առթիվ ու խոսում բարեփոխումներից․ ո՞րն է բարեփոխումը, չի ասում։ Բայց ի՞նչ ասի, շնորհավորում եմ, աշակերտներ, դուք էս տարի բան չեք սովորելու, որովհետև դասագիրք չե՞նք տպել։ Հետաքրքիր է, էլի, իմանալ, Ժաննա Անդրեասյանը, որ հայտարարում է, որ դասագրքերը ուշացնելու են կամ չեն տպագրելու, ո՞նց կընդունի, եթե, ասենք, իր աշխատավարձն էլ որոշեն մի տարի ուշացնել կամ չտալ։ Մեկ տարի չես տպագրել դասագիրք, մեկ տարի աշխատավարձ չես ստանում, քա՞նի օր կհամաձայնի աշխատել։ Բա դուք ամիսը 1,5 մլնի կարգի գումար եք ստանում ինչի՞ համար, որ ազգային առարկաները հանեք դպրոցներից, դպրոցներում կախիչն ու դուշը նորմալ չլինեն, դասագրքերը լցնեք ինչով ուզում եք, կեսն էլ չտպե՞ք։

Ուսումնական տարին մեկնարկեց ոչ միայն դասագրքերի բացակայությամբ։ Նիկոլը 2021 թվականին ասում էր ինձ ընտրեք, մինչև 2026թ. խոստանում եմ կառուցել և վերանորոգել 300 դպրոց։ 2024 թվականի կեսին, այսինքն խոստումը կատարելուց տարիուկես առաջ, կառուցվել –վերանորոգվել է ընդամենը 10 տոկոսը՝  30 դպրոց։ Սա հերթական խոստումն է, որ ձախողել է։ Բայց բանն այն է, որ ավելի շատ դպրոց փակել է, քան կառուցել։ Մեր երկրում մեծ արագությամբ փակվում են դպրոցներ։ Կառավարության նիստերում անընդհատ տեղեկանում ենք հերթական դպրոցի փակման մասին։ Օգոստոսի 15-ի նիստում փակվեց Երևանի հ. 40 հիմնական դպրոցը, հուլիսին հայտարարվեց Գյումրու թիվ 37 ավագ դպրոցը և ՀՀ Արարատի մարզի Ոսկետափի հիմնական դպրոցը փակելու մասին․ դրանից առաջ փակվեց Գուգարքի ավագ դպրոցը։ Պատգամավոր Մհեր Մելքոնյանն ահազանգում է Շիրակի մարզում առաջիկայում 40-ից ավելի դպրոցների փակման մասին։ 30 հատ վերանորոգում ես, 70 հատ փակում ես։

Իսկ կռահում ե՞ք, թե ինչ են անում մեր կրթական համակարգի հետ՝ դասագիրք չտպելով, դպրոց փակելով, թշնամուն դպրոցին մոտեցնելով, դասագրքերի բովանդակությունը խեղելով, կարևոր առարկաներ հանելով, դպրոցները ՔՊ-ացնելով։ Բազմաթիվ ահազանգեր կան, որ եթե ՔՊ-ական մարզպետը դպրոցի տնօրենի սեփական թեկնածուն չունի, տապալում է տնօրենի մրցույթը, մինչև իր կամ իրենց թիմի թեկնածուն հայտնվի։ Խոսում եմ միայն դպրոցների մասին, բուհերի փակման մասին չեմ խոսում, ուսման վարձերի աստղաբաշխական թվերի մասին չեմ խոսում, բուհական շենքերը վաճառելու մասին չեմ խոսում, համալսարանները ՔՊֆիկացնելու մասին չեմ խոսում։ Խոսում եմ դպրոցը, այսինքն՝ կրթությունը քանդելու մասին։ Նիկոլն ասում է երեխաներին հանում են երկրից, որ բանակ չգնան։ Իսկ քա՞նիսն է երեխաներին երկրից տանում, որ որակյալ կրթություն ուենա, քա՞նիսն է արտագաղթում գյուղից, որ երեխան քիչ թե շատ նորմալ դպրոցում սովորի։ Քա՞նի երեխա չի գնում դպրոց, որովհետև հնարավորություն չունի, երկրում պաշտոնապես շուրջ 25 տոկոս, ոչ պաշտոնապես՝ դրա կրկնակին աղքատություն կա։ Քա՞նի երեխա է թերսնված գնում դպրոց։ Հլը մի երկու տարի հետո կհամեմատեք օրինակ Կիրանցում այսօրվա աշակերտների թիվը։

Փաշինյանն այդ սահմանամերձ գյուղի դպրոց էր գնացել։ Գնացել էր դպրոց, որն ընդամենը մի քանի մետր է հեռու թշնամու զինվորից, իր պատճառով։ Խոսում էր անվտանգությունից։ Բազմաթիվ թիկնապահներով ու ոստիկաններով գնացել էր Կրանց գյուղ ու խոսում էր անվտանգությունից, ասում էր թե երբեք Կիրանցն այսքան անվտանգ չի եղել։ Իսկ կարո՞ղ է ասել, թե երբ է Կիրանցն անվտանգության խնդիր ունեցել մինչ իր իշխանության հայտնվելը։ Մինչ այդ անվտանգ չէի՞ն։ Դուք եկաք, հանձնեցիք լիքը բաներ, այդ թվում Կիրանցի մի մասը ու ասում եք՝ այ հիմա անվտանգ է։ Էդ անվտանգ հատվածում Նիկոլի անվտանգության խաթր 7 կով զոհաբերվել է ականապատ տարածքում։ Գնացել էր Սյունիք, ասում էր կովը որ ուզենա էլ, չի կարող հասնել էս տարածք, որ հասնի, չի անցնի։ Էդ տարածք կովերը հասել են ու պայթել։ Երբեք անվտանգ չի եղել, բայց ականներ են պայթում։ Սովորեք, ժողովուրդ ջան, Նիկոլը ամբողջ երկիրն է ականապատել, որոնք պայթելու են։

Ասում է մեր նահատակները նահատակվել են, որ այսպիսի դպրոցներում երեխները դաս անեն։ Մեր նահատակները նահատակվել են առաջին հերթին նրա համար, որ այդ դպրոցներից թուրքին ոչ թե մի պատ բաժանի, այլ տասնյակ ու հարյուրավոր կիլոմետրեր։ Ու այդպես էր, մինչև քո իշխանության գալը։ Դու նահատակների գործը վարի ես տվել։

Կիրանցեցիներին համոզում է, ասում է՝ երբ ասում ենք, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքին պիտի նշանակի, որ Ադրբեջանի Խեյրիմլի գյուղում ևս դպրոց գնալը պիտի լինի անվտանգ։ Այդ մեկը ճիշտ ես ասում, ադրբեջանցիների համար իրոք անվտանգ է Հայաստանի հետ սահմանային բոլոր դպրողները, բոլոր գյուղերը, բոլոր կովերը անգամ, որովհետև ունեն քո պես հարևան, որն ասում է՝ ես մեզանից օկուպացված տարածքները զենքով հետ բերելու խնդիր չեմ դրել։ Իսկ եթե զենքով հետ չես բերելու, ուրեմն ոչ մի բանով էլ հետ չես բերի, որովհետև եթե զենքով չէ, ուրեմն պետք է լինի դիվանագիտությամբ․ իսկ քո թիվ մեկ դիվանագետ Արարատ Միրզոյանը, ինչպես կառավարության նիստում ապացուցեց, անասնապահությունից ավելի շատ գլուխ է հանում, քան դիվանագիտությունից։

Կարճ ասած՝ Հայաստանի այս իշխանությունը հռչակվեց ոչ միայն Արցախի հակառակորդ, մեր սահմանների, մեր պետականության հակառակորդ, Հայաստանի անվտանգության հակառակորդ, նաև մեր կրթական ու այլ ոլորտների։ Գիտե՞ք ես չեմ կարող թվարկել ոլորտ, որտեղ կպել են ու չեն ավերել։ Ընդամենը պետք է խորհուրդ տալ հեռու մնալ կրթական ոլորտից, հեռու մնալ դպրոցներից ու երեխաներից։ Դուք մահացու վտանգավոր եք ամենքի ու ամեն ինչի համար, վկան՝ հանձնած հողը, մեծացած Եռաբլուրը, քանդված համակարգերը։ Եռաբլուրում շատ են երիտասարդները, որ ձեր իշխանության գալու ժամանակ դպրոցում էին սովորում։

Վերջին տարիներին Հայաստանի դատարաններում դատում էին ուսուցչի, որը աշակերտներին ասել էր լավ սովորեք, որ Նիկոլ չդառնաք։ Սխալ է՞ր ասել։ Այդ ուսուցիչը արդարացվել է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ